Monday, December 29, 2008

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔ

«ԱՐԱՔՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻՆ Սիրելի հայրենակիցներ, Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ եւ մաղթում, որ 2009 թվականը եւ’ Հայրենիքի, եւ’ Սփյուռքի համար լինի խաղաղության, կայունության, հաջողությունների եւ բոլոր սպասումների իրականացման տարի: Մշակույթներ ձուլող, համայնքներ քանդող, արժեքներ ոչնչացնող ու ինքնություն այլափոխող համաշխարհայնացման դիմաց` Ձեր գործունեությունը ազգակերտումի եւ հայրենաշինության սրբազան դարբսնոց է ու ազգի ինքնապաշտպանության զորեղ վահան: Ձեր հայանպաստ ու հայաշունչ ձեռնարկները, մեծապես նպաստելով հայ ինքնության նկարագրի ու դիմագծի պահպանմանը, ավելացնում են ազգային խնդիրների ու հետաքրքրությունների շրջանակը: Նոր Տարում, սակայն, կրկին ու կրկին շեփոր հնչեցնենք, որ Հայրենիքն անփոխարինելի ու անմրցակից է, նրան կորցնողը այլեւս ոչինչ չի ունենա կորցնելու: Ձեզ նոր ծրագրեր ու արգասաբեր գործունեություն` միտված Սփյուռքում հային հայ պահելու enբազան գործին, հայեցի դաստիարակությանը, հայոց հիմնական արժեքի` մեր էության հայկականության պահպանման գերարժեքին: Աշխատենք ու պայքարենք հանուն անկախ Հայրենիքի հզորացման, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման: Եկեք միասնաբար 2009 թվականը հայտարարենք «Հայերն առանց ծխախոտի» եւ «Առնվազն երեք որդով սեղան նստենք» կարգախոսների իրականացման տարի: Շնորհավորում եմ Ձեր Ամանորը եւ Սուրբ Ծնունդը, մաղթում եմ առողջություն, կորով ու զորություն` Հայոց Սփյուռքում իրականացնելու Ձեր դժվարին, բայց պատվաբեր առաքելությունը: Ձեր խմբագրակազմին ցանկանում եմ քաջառողջություն, հոգու մշտատեւ զվարթություն, երջանկություն, անկասելի առաջընթաց Հայրենիք-Սփյուռք հոգեւոր կապերի ամրապնդման ու զարգացման ճանապարհին: Թող Տիրոջ Աջը հովանի լինի Ձեզ, զորակցի Ձեր ազգանվեր ձեռնարկումներին: Եվ թող Սուրբ Ծննդյան լույսը առաջնորդի մեր աշխարհասփյուռ ժողովրդին` միասնության ու ազգակերտման իր ճանապարհին: Հարգանքով` ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: