Ընդամենը մի քանի օրից, զառամյալ ու երիտասարդ, մեր հողագունդը մեկ անգամ եւս լրացնելու է, քանի հազարամյա, իր պտույտը արեւի շուրջ եւ մի Նոր Տարի է սկսվելու ու դրա հետ միասին մեզ ավետելու է նաեւ Ս. Ծնունդը Հիսուս Քրիստոսի, որի առիթով արդեն իսկ մեծ եռուզեռ կա երեխաների մոտ, իսկ նրանք, ովքեր անց են կացրել մանկա-պատանեկան շրջանը եւ գիտակցում են իրենց արածի ու չարածի մասին, նրանց մոտ այլ են պայմանները, քանի որ նրանք պարտավոր են վերանայելու անցկացրած տարին ու նախ եւ առաջ հաշվետու լինել հենց իրենց՝ եւ՛ որպես անհատ եւ՛ որպես հավաքականություն:
Ինչո՞վ ենք մենք տարբեր մեր նախորդ տարվանից: Միայն մի քանի ճերմակ մազով, ավելացրած կնճիռով, վաստակած դրամով, թե նաեւ ուղեղային մոխրագույն բջիջների հարստացումով՝ ազգային, հասարակական ու գիտական զարգացումներով:
Եթե մինչեւ այժմ մեզ համար պարզած լինենք թե ո՞րն է մեր անելիքը եւ ո՞ւր ենք գնում, վստահաբար հարցերին պատասխանելը հեշտ կլինի, իսկ եթե ապրում ենք միայն ապրելու համար երեւի հատուկ փոփոխություն էլ չենք գտնելու մեր մեջ, այլ միան կարող ենք ապշահար նայել մեր շրջապատի անցուդարձերին եւ նորից հաստատել գերտերությունների ճատրակամարտում ոչ թե մեր ստանձնած, այլ ուղղակիորեն հենց նույն ուժերի կողմից մեզ պարտադրված «զինվորիկի» դերը՝ թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում:
Ի՞նչ հարցերի առաջ է կանգնած հայությունը ընդհանրապես. Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակը, Արցախի հիմնախնդիրը, Ջավախքում առաջացած խնդիրները եւ վրացական խաղերը վիրահայության գլխին, թրքական նոր աշխուժությունները Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ընթացքը խանգարելու գործում, Սփյուռքի ինքնության պահպանումը
իսկ իրանահայ համայնքը այդ բոլորից բացի ունի նաեւ իր ներքին խնդիրները ու նախ եւ առաջ հենց համայնքի պահպանումը, արտագաղթի դեմ պայքարը, մեր համայնքային կառույցներում ժողովրդավարության հաստատումը եւ այլն:
Արդարեւ, այն ամենի համար ինչ հիշեցինք, մենք՝ բոլորս միասին, մեզ վերանայելու եւ վերանորոգելու խիստ կարիք ունենք, եւ դա ոչ միայն մերօրյա հարցերը լուծելու, այլ նաեւ ապագա սերնդի նկատմամբ մեր պարտքը ազնվորեն կատարած լինենլու համար, հակառակ դեպքում հանձնառու կերպով կատարած չենք լինի մեր անելիքը:
Բնությունից ու հողագնդից օրինակ առնելով, կարող ենք ոչ միայն ապրել արեւի լույսի տակ ու օգտվել ձյան ու անձրեւի բերած բարիքներից, այլ նաեւ ծաղկել, նորանալ ու նոր ոգով կերտել մեր ապագան:
Շնորհավոր Նոր Տարի եւ Ս. Ծնունդ
Monday, December 29, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment