Շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականի փայլուն ելույթների ֆոնի վրա մի տեսակ ստվերում էին մնացել մեր շախմատիստուհիները, որոնք հայկական կանանց շախմատի պատմության մեջ օլիմպիադաներում զբաղեցրել էին ամենաբարձր՝ 6-րդ տեղը: Մեր շախմատիստուհիներին կարծես մոռացել էին մեծարել: Եվ ահա այդ բացը լրացրեց «Տեսակետ» ակումբը, որը երեկ հյուրընկալել էր Հայաստանի կանանց հավաքականին: Ընդհանրապես այս ակումբում ասուլիսներ վարող Հովհաննես Գրիգորյանը հաճախ է հրավիրում մարզիկներին: Ժամանակին այստեղ հյուրընկալվել են ծանրորդները, մեր փառապանծ բռնցքամարտիկներ Վախթանգ Դարչինյանն ու Արթուր Աբրահամը եւ այլք:
Ինչպես եւ տղամարդկանց հավաքականի անդամներին, այս անգամ էլ «Բարի Սամարացի» ընկերության տնօրեն Հովհաննես Հովակիմյանը ոսկյա շղթաներ նվիրեց կանանց հավաքականի մարզիչ Արսեն Եղիազարյանին, շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանին, Լիլիթ Գալոյանին, Նելլի Աղինյանին ու Սիրանուշ Անդրեասյանին (Էլինա Դանիելյանն ամուսնացել է եւ ներկայումս բնակվում է Հոլանդիայում իր հոլանդացի ամուսնու հետ), շնորհավորեց ու հետագա հաջողություններ մաղթեց ինչպես շախմատում, այնպես էլ անձնական կյանքում:
Հավաքականի մարզիչ Արսեն Եղիազարյանն անդրադառնալով մեր աղջիկների ելույթներին, նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է նրանցից եւ եթե որոշ չափով մարզական բախտը ժպտար, ապա կարող էին նաեւ մրցանակակիր դառնալ: Սակայն գրաված 6-րդ տեղն էլ բարձր ցուցանիշ է եւ լավագույնն է մինչ այժմ մասնակցած օլիմպիադաներից: Ըստ մարզչի, ներկայում ուժեղ եւ փորձառու թիմ ունենք, շախմատիստուհիները զգալիորեն բարձրացրել են իրենց անհատական վարկանիշները, ինչի շնորհիվ մեր հավաքականն օլիմպիադայում իր միջին վարկանիշով 6-րդն էր: Ինչ վերաբերում է պարգեւատրմանը, ապա մարզիչն ու շախմատիստուհիները 2 հազարական եվրո են ստացել:
Արսեն Եղիազարյանը նշեց, որ միշտ էլ մրցաշարերում ցանկալի չէ Ադրբեջանի հավաքականի հետ հանդիպելը, քանի որ դա լրացուցիչ լարվածություն է ստեղծում ու ավելի է մեծացնում պատասխանատվությունը: Աղջիկներն էլ առանձին ոգեւորությամբ էին տրամադրվել այդ մրցավեճին եւ պարզապես ջախջախեցին ադրբեջանցիներին (4-0): Ընդ որում, մրցակցի մարզիչը չսպասելով մրցամարտի ավարտին, հեռացել էր դահլիճից եւ չէր շնորհավորել Արսեն Եղիազարյանին, ինչպես դա չէր արել Լիլիթ Գալոյանի մրցակցուհին:
Ինչ վերաբերում է Էլինա Դանիելյանի ոչ այնքան բարձր ցուցանիշին, Արսեն Եղիազարյանը դա բացատրեց Չինաստանի հավաքականի հետ մրցախաղում կրած ցավալի պարտությամբ, որից հետո նա չկարողացավ հավաքվել ու հաջորդ երկու պարտիաներում էլ անհաջողության մատնվեց: Դրանից հետո նրան հանգստանալու հնարավորություն տրվեց, իսկ վերջին պարտիաներում Էլինան կրկին վստահ խաղաց:
Արսեն Եղիազարյանը պատմեց մի ծիծաղաշարժ դեպքի մասին, որն առնչվում է Արշակ Պետրոսյանին: Առավոտյան ժամը 9:00-9:30-ի սահմաններում մարզիչները պետք է կազմկոմիտեին ներկայացնեն տվյալ օրվա մրցախաղում հավաքականի կազմը: Արշակ Պետրոսյանը խնդրել էր Արսեն Եղիազարյանին, Լեւոն Յոլյանին, հյուրանոցի ադմինիստրատորին եւ նույնիսկ Հունգարիայում գտնվող կնոջը, որ առավոտյան զանգահարեն իրեն ու արթնացնեն: Միաժամանակ զարթուցիչն էր միացրել:
Արսեն Եղիազարյանը համամիտ էր այն մտքին, որ Վրաստանի կանանց հավաքականի հաղթանակն օլիմպիադայում որոշ չափով պատահականություն էր: Ստացվել էր այնպես, որ միայն վերջին տուրում հաղթանակ տոնելով՝ վրաց շախմատիստուհիները հայտնվել էին առաջին տեղում: Վիճակահանության կարգն այս անգամ փոխվել էր եւ Վրաստանի հավաքականը չհանդիպեց 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած հավաքականների հետ: Բայց միաժամանակ Եղիազարյանն ընդունեց, որ Վրաստանը կանանց շախմատի լավ դպրոց ունի: Նոնա Գափրինդաշվիլու աշխարհի չեմպիոնուհի դառնալուց հետո Վրաստանում շատ աղջիկներ սկսեցին շախմատով զբաղվել, ինչպես դա տեղի ունեցավ Հայաստանում տղաների պարագայում Տիգրան Պետրոսյանի՝ շախմատային թագը նվաճելուց հետո:
Մեր թիմերից բոլորից հաջող հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը, թեեւ գոհ էր իր արդյունքից, սակայն գտնում է, որ կարող էր ավելի լավ խաղալ: Ի դեպ, նա 2-րդ խաղատախտակի վրա ցույց էր տվել 3-րդ արդյունքը (8 միավոր 11 հնարավորից): Լիլիթն էլ այն կարծիքին էր, որ կարող էին նույնիսկ մրցանակային տեղ զբաղեցնել, եթե նախավերջին տուրում չպարտվեին լեհերին: Բոլոր խաղատախտակների վրա էլ մեր շախմատիստուհիները լավ դիրք ունեին: Լիլիթը սիրում է ընթերցանությունը, սպորտը, երաժշտությունը, խոհանոցում էլ օգնում է մայրիկին:
Երրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Նելլի Աղինյանն այնքան էլ գոհ չէր իր արդյունքներից (5,5 միավոր՝ 9-ից), սակայն գտնում է, որ ամբողջ թիմը լավ խաղ ցուցադրեց: Նա ներկայումս Սլավոնական համալսարանում շախմատ է դասավանդում: Ժամանակին շախմատին զուգահեռ զբաղվել է պարով:
Միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը 4-րդ խաղատախտակի վրա 10 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Նա գոհ էր թե՛ իր, թե՛ հավաքականի ելույթներից, սակայն ցավում է, որ լեհերից պարտություն կրեցին, այլապես կարող էին մեդալ նվաճել: Հետաքրքրվում է փիլիսոփայությամբ, հոգեբանությամբ, շատ է սիրում խորոված, խոհանոցում էլ մայրիկին մշտապես օգնում է: Սպորտն ու երաժշտությունն էլ նրա հետաքրքրասիրությունների շրջանակում են:
Սիրանուշ Անդրեասյանը ՀՀ կրկնակի չեմպիոնուհի է: Նա թեեւ շատ քիչ խաղաց Դրեզդենում, սակայն հարկ եղած դեպքում պատրաստ էր փոխարինել խաղընկերուհիներին: Նա էլ դժգոհ չէ իր ելույթից եւ գոհ է թիմի արդյունքից:
2009-ին մեր շախմատիստուհիներին նոր փորձություններ են սպասում: Բացի անհատական մրցաշարերից, մեր կանանց հավաքականը հանդես կգա աշխարհի եւ Եվրոպայի թիմային առաջնություններում:
Saturday, December 13, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment