Wednesday, December 17, 2008

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԸ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԻ ՍՏԱՑԵԼ

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի պատասխանները ԶԼՄ-ի հարցերին«Լրագիր».16-12-2008. - Ս.թ. դեկտեմբերի 4-5-ը Հելսինկիյում տեղի ունեցած ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի ժամանակ, ադրբեջանական կողմը տարածեց մի փաստաթուղթ, որում ներկայացված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ իրենց տեսակետը: Ինչպիսի՞ն է Ստեփանակերտի դիրքորոշումը այդ սկզբունքների վերաբերյալ:- Ադրբեջանական կողմի փորձերն`ուղղված տարբեր միջազգային ֆորումների միջոցով միջնորդների ու միջազգային հանրության վզին փաթաթել ինչպես ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի, այնպես էլ նրա կարգավորման ուղիների իրենց սեփական տեսակետը, մեզ համար նորություն չեն: Այս քաղաքականության շրջանակներում, պաշտոնական Բաքուն դիմում է տարբեր հնարքների, մասնավորապես ԼՂՀ ժողովրդի դեմ սանձազերծած իր իսկ ագրեսիայում իրեն որպես զոհ է ներկայացնում եւ քողարկում է իր նպատակները եվրոպական արժեքների եւ ժողովրդավարության լոզունգներով: Մինչդեռ Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարությունները, մասնավորապես մոսկովյան հռչակագրի կետերի` Իլհամ Ալիեւի յուրօրինակ մեկնաբանությունը, այն է`խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման ժխտումը, ինչպես նաեւ ձեր կողմից նշված կարգավորման ադրբեջանական սկզբունքները ցույց են տալիս ադրբեջանական ժողովրդավարության ողջ կեղծավորությունը եւ ի չիք են դարձնում հիմնախնդրի կարգավորման ուղիների փնտրտուքների`միջազգային հանրության բոլոր փորձերը: - Փոխվել է արդյո՞ք պաշտոնական Բաքվի դիրքորոշումը 1988-ից ի վեր, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: - Հիմնախնդրի զարգացման բոլոր փուլերում ադրբեջանական կողմը հանդես էր գալիս եւ շարունակում է հանդես գալ որպես ուժային լուծման հիմնական կրող: Հաշվարկը ուժի վրա հանգեցրեց էթնիկ ջարդերի ու Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից եւ նախկին ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերից հայերի արտաքսման, ինչին հետեւեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Հադրութի եւ Շուշիի շրջանների հայկական գյուղերի բռնատեղահաննման ուղղված Կոլցո ռազմագործողությունը: Հակամարտության ռազմական փուլի ընթացքում, Բաքուն բազմիցս խուսափել է սահմանափակել եւ դադարեցնել ռազմական գործողությունները, ձախողել է կրակի դադարեցման պայմանավորվածությունները, եղել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձեւերի առաջին ու բազմակի խախտողը, լիովին ու ժամանակին չի կատարել դրանց եւ ոչ մի պահանջն ու կոչը: Զինադադարի կնքումից հետո, ադրբեջանական ղեկավարությունը ակտիվորեն մեծ քանակությամբ հարձակողական սպառազինություն է գնում` դրանով իսկ ուժեղացնելով սպառազինությունների մրցավազքը, եւ շարունակում է սպառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ռազմագործողությունների վերսկսմամբ: Միջազգային ներդրումային ծրագրերի իրականացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նախապայման հանդիսացող տարածաշրջանային խաղաղությունը վտանգի տակ դնելը, պաշտոնական Բաքվի քաղաքականությունը լուրջ սպառնալիք են դաձնում ոչ միայն ԼՂՀ, այլեւ ամբողջ տարածաշրջանային կայունության ու անվտանգության համար: - Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանին fait accompli-ի /կատարված փաստ/ հիման վրա հակամարտության լուծումը պարտադրելու մտադրության մեջ… - Ներկայիս ստատուս-քվոն ԼՂՀ եւ նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ հետագա ռազմական գործողությունների արդյունքն է: Որպես պատերազմի նախաձեռնող`Ադրբեջանը կրում է դրա հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը: Ստեղծված ստատուս-քվոն այն մինիմումն է, որը թույլ է տվել ապահովել ԼՂՀ եւ նրա ժողովրդի անվտանգությունն ու անկախությունը ադրբեջանական ագրեսիայի պայմաններում: ԼՂՀ իշխանությունների քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում երկարատեւ կայունության հաստատման գործընթացի անշրջելիության ապահովմանն ու խաղաղության պահպանմանը: Այդ ստատուս-քվոյի փոփոխությունը, մեր կարծիքով, անխուսափելիորեն կբերի իրավիճակի ապակայունացման, լարվածության ուժեղացման`ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմամբ:Խորհրդային իշխանության տարիներին Ադրբեջանի ԽՍՀ ղեկավարությունը, այդ թվում նաեւ համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի ձեռքերով, փորձում էր Լեռնային Ղարաբաղը դարձնել ոչ ինքնաբավ եւ Բաքվից կախյալ` նախ եւ առաջ փորձելով փոխել բնակչության ժողովրդագրական կազմը: Դա արտահայտվեց նաեւ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանները որոշելու ժամանակ: Այժմ փորձում են Լեռնային Ղարաբաղը վերադարձնել անցյալ: Բայց բոլոր ջանքերը դատապարտված են ձախողման: - Ստացել է արդյո՞ք ղարաբաղյան կողմը այն «տեխնիկական փաստաթուղթ», որը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեյի տեղեկատվության համաձայն, տրվել է հակամարտող կողմերին Հելսինկիյում նախարարների հանդիպման շրջանակներում: - Նման փաստաթուղթ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դեռեւս չեն ստացել, սակայն որպես հակամարտող կողմ, որն այդպիսինն է ճանաչվել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի համաձայն, մենք ակնկալում ենք մոտ ապագայում Մինսկի խմբի համանախագահներից ստանալ այդ փաստաթուղթը:

No comments: