«Լրագիր».16-12-2008. «Միտք» վերլուծական կենտրոնը հանդես է եկել Ջավախքի տարածաշրջանում թուրք-մեսխերի վեչրաբնակեցման հարցի վերաբերյալ հայտարարությամբ: «Հայտնի է, որ մինչ 1944 թվականը այս տարածաշրջանում ապրել և նույն թվականին այստեղից տեղափոխվել են շուրջ 90.000 “թուրք-մեսխեր” համարվող հանրության ներկայացուցիչներ: Հետխորհրդային շրջանում և հատկապես` Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո (1999թ.), Վրաստանն իր վրա պարտավորություն է վերցրել` կազմակերպելու այս մարդկանց վերադարձը իրենց նախկին բնակավայրեր: Իրենց տեղափոխումից` 1944թ., մինչ այսօր թուրք-մեսխերի թվաքանակը կտրուկ ավելացել է` հասնելով 400-500 հազարի: Այս ամենին զուգահեռ` գնալով ակտիվանում են նաև այն երկրները, որտեղ ապրում են մեծ թվով թուրք-մեսխեր: Այդպիսի նախաձեռնություններով պարբերաբար հանդես են գալիս Թուրքիան ու Ադրբեջանը, վերջին շրջանում նաև` Ռուսաստանն ու վերջինիս հարավային ինքնավար հանրապետությունները: Այդպիսի նախաձեռնությամբ բոլորովին վերջերս հանդես եկավ, օրինակ, Ինգուշեթիան, որտեղ ստեղծվել է այդ հանրապետության տարածքում բնակվող շուրջ 10.000 թուրք-մեսխերի` Վրաստանում կամավոր վերաբնակեցմանն օժանդակություն ցուցաբերելու հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ:Մենք` “Միտք” վերլուծական կենտրոնի, ինչպես նաև ՀՀ մի շարք երիտասարդական և քաղաքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դեմ լինելով մարդկանց պարտադրաբար հայրենազրկմանը, միաժամանակ անթույլատրելի ենք համարում ներկա պայմաններում գեթ մի թուրք-մեսխի վերադարձը Սամցխե-Ջավախք-Ծալկայի տարածաշրջան, քանի որ.
1. 1944 թվականին լինելով 90,000` թուրք մեսխերի թիվը ներկայում հասել է 500,000-ի, որը ինքնին արդեն տեխնիկական և մի շարք այլ առումներով անհնարին է դարձնում վերջիններիս տեղավորումը Սամցխե-Ջավախք-Ծալկայում:
2. Սամցխե-Ջավախք-Ծալկան վրացականացնելու Վրաստանի ակտիվ քաղաքականությունը այս տարիներին արհեստական վերաբնակեցման միջոցով անհամեմատ ավելացրել է այս տարածաշրջանում վրացական տարրը, որը ևս տեխնիկական խոչընդոտ է վերաբնակեցման համար:
3. Սամցխե-Ջավախք-Ծալկան, լինելով պատմական հայկական և ներկայում 70 %-ով հայերով բնակեցված տարածաշրջան, ներկայում փաստացի Հայսատան է, թեև չի գտնվում Հայաստանի Հանրապետության իրավաբանական սահմաններում: Սամցխե-Ջավախք-Ծալկայում հայկական գործոնի առկայության պայմաններում անթույլատրելի է թուրք-մուսուլմանական զանգվածի բնակեցումը այստեղ, որը բերելու է հայ-թուրքական լայնածավալ առճակատմանը և Անդրկովկասում լարվածության վերարթնացմանը:
4. Թուրք-մեսխերի գործոնը որոշ երկրների, և հատկապես` Թուրքիայի և Ադրբեջանի համար, իրականում ոչ թե «մարդու իրավունքների վերականգնման խնդիր է», այլ` Սամցխե-Ջավախք-Ծալկան վերջնականորեն մուսուլմանականացնելու, դրանով թուրք-ադրբեջանական ցամաքային կապ ստեղծելու, միաժամանակ նաև` Հայաստանը վերջնականորեն շրջափակելու միջոց: Այս ամենը խոշոր հաշվով նաև նպատակ ունի ընթացք տալու այն պանթուրքիստական և թուրանական ծրագրերին, որոնց իրականացումը, թեև լինելով մշտական օրակարգային հարց, այնուամենայնիվ մինչ օրս տեղի չի ունեցել:Ելնելով այս ամենից. 1. Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին` սթափվելու և գիտակցելու, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թելադրված ցանկացած հակահայկական ծրագրի իրականացում առաջնահերթորեն ուղղված է հենց իր դեմ: Նույնպես և ներկայումս, երբ իր թույլտվությամբ և աջակցությամբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից լայնորեն իրականանում է ՀՀ շրջափակումը, Վրաստանը պետք է գիտակցի հետևյալը. ՀՀ-ի շրջափակումը, դրանով նաև պանթուրանական ծրագրերի իրագործման խթանումը իրականանալու է Վրաստանի դիակի վրայով: 2. Կոչ ենք անում Վրաստանին, Թուրքիային, Ադրբեջանին և Ռուսաստանին` դադարեցնելու թուրք-մեսխեթցիներին վերադարձնելուն ուղղված քաղաքականության իրագործումը: Հակառակ դեպքում` ինչպես «Միտք» վերլուծական կենտրոնը, այնպես էլ ՀՀ և Սամցխե-Ջավախք-Ծալկայի մի շարք հասարակական-քաղաքական ներկայացուցիչներ, կսատարեն տարածաշրջանի հայության կողմից արթնացող զանգվածային բողոքի ալիքներին, որը հղի է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Վրաստանի համար անցանկալի և անկանխատեսելի հետևանքներով», ասվում է հայտարարության մեջ:
Wednesday, December 17, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment