Thursday, December 11, 2008

Մեթյու Բրայզա. «Ռուսաստանի կողմից հակազդեցության պատճառով Հելսինկիում չընդունվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հռչակագիր»

ԲԱՔՈՒ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ընդունեցին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություն: Իսկ նախարարների քաղաքական հռչակագիր այդ հարցի առնչությամբ չընդունվեց հիմնականում Ռուսաստանի կողմից հակազդեցության եւ չհիմնավորված պահանջների պատճառով: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Ըստ նրա, ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում միջնորդների մասնակցությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ առաջ քաշվեցին մի շարք առաջարկություններ. «Մինսկի խմբի համանախագահները մի շարք նկատառումներ ներկայացրին այն առնչությամբ, թե ինչպես մադրիդյան սկզբունքների լեզուն հարմարեցնել երկու կողմերի շահերին: Սակայն ես առայժմ չեմ կարող ավելի մանրամասն խոսել դրա մասին»: Ամերիկացի միջնորդը նաեւ նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպում անցկացնելու օր չի որոշվել, սակայն հույս է հայտնել, որ դա տեղի կունենա առաջիկա շաբաթներին: Մեթյու Բրայզան հայտարարել է նաեւ, որ մինչեւ տարեվերջ նման այցելություններ չեն ծրագրվում:

No comments: