ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերիի գլխավորած պատվիրակությանը` Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղայիանի ուղեկցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նախարարը ողջունել է հյուրերին, հույս հայտնելով, որ երկուստեք անկեղծ քննարկումները մեկ անգամ եւս կհաստատեն Հայաստանի ու Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային եւ երկկողմ համագործակցության խնդիրներում:
Պաշտպանության նախարարը նաեւ նշել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերություններն ու առկա հաջողությունները, դարավոր բարեկամությունն ու պատմամշակութային ընդհանրությունները բավարար հիմք են գործնական կապերի խորացման, զարգացման վերընթաց ուղին ապագայում եւս շարունակելու համար:
Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվել են անելիքները մոտ ապագայում:
Անդրադառնալով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցին` կողմերը փաստել են նաեւ, որ Իրանի որդեգրած հավասարակշռված դիրքորոշումը կարեւոր նշանակություն ունի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Իսկ առկա բազմաբնույթ համագործակցությունը բխում է ոչ միայն Հայաստանի ու Իրանի շահերից, այլեւ նպաստավոր է ողջ տարածաշրջանի համար:
Wednesday, December 24, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment