ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միջազգային հանրության ճնշումը Թուրքիայի վրա գնալով աճում է: Դեկտեմբերի 22-ի աուլիսում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, եթե 7-8 տարի առաջ ԱՄՆ-ում որեւէ մեկը խոսեր Թուրքիայում իրականացված հայերի ցեղասպանության մասին, նա կհամարվեր հայերի կողմից կաշառված: Իսկ ներկայումս նա, ով ժխտում է ցեղասպանությունը, համարվում է թուրքերի կողմից կաշառված: ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող 106-րդ բանաձեւի ընդունման հավանականությունը գնալով աճում է, եւ գալիք տարում դրա դեմ պայքարը Թուրքիայի թիվ մեկ խնդիրը պետք է լինի:
Ըստ Ռ.Սաֆրաստյանի, Թուրքիայի ներկայիս իշխանությունները իրենց համարում են Օսմանյան Թուրքիայի հետնորդները եւ այդ իսկ պատճառով չեն կարող ձերբազատվել Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունից: Ինչ վերաբերում է «Ներողություն եմ խնդրում» կայքում ստորագրահավաքի մասնակիցներին, ապա դրանք թուրք մտավորականներ են, որոք հասարակության շատ փոքր մասն են կազմում:
Հանդես գալով առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման պատրաստակամությամբ Հայաստանը դրսեւորեց եվրոպականացված մոտեցում, ինչը, Ռ.Սաֆրաստյանի կարծիքով, շատ դրական քայլ է: Այս մոտեցման շարունակությունն էր Հայաստանի «ֆուտբոլային դիվանագիտությունը», որին ինչ-որ չափով արձագանքեց Թուրքիան:
Ռ.Սաֆրաստյանի կարծիքով, «Կովկասյան պլատֆորմ»-ի գաղափարի առաջքաշումը Թուրքիայի կողմից Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ուժեղացմանը հակազդելու փորձ էր: Օգոստոսյան դեպքերից հետո տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրությունը փոխվեց ի օգուտ Ռուսաստանի, որը Վրաստանի ֆորմալ տարածքներում տեղակայեց իր ուժերը: Առաջ քաշելով «Կովկասյան պլատֆորմ»-ի գաղափարը, Թուրքիան փորձեց նախաձեռնություն ցուցաբերել քաղաքական դաշտում: Իսկ Ռուսաստանը ողջունեց այդ նախաձեռնությունը այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվեց ԱՄՆ-ին ներգրավելու սզբնական ծրագրից:
Թուրքիայի համար շատ կարեւոր էր Հարավային Կովկասի երկրների վերաբերմունքը իր նախաձեռնությանը: Վրաստանը Ռուսաստանի պատճառով ձեռնպահ մնաց, դրանով իսկ մեծացնելով Հայաստանի դերը: Ըստ թուրքագետի, պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը Թուրքիայի համար լուրջ դիվանագիտական արժեք ստացավ, եւ ստեղծվեց մի բացառիկ իրավիճակ, որից Հայաստանը պետք է կարողանա օգուտ քաղել:
Ռ.Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիայի ակտիվությունը ղարաբաղյան հարցում նույնպես պայմանավորված էր Ռուսաստանի գործոնով, որը, ամրապնդելով իր աշխարհաքաղաքական դիրքերը, որոշեց քաղաքական ակտիվություն դրսեւորել` նախնաձեռնելով Մայենդորֆյան հռչակագրի ստորագրումը: Թուրքագետի կարծիքով, Թուրքիան դժվար թե հավատա, որ Հայաստանը երբեւէ կհամաձայնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդ լինելուն:
Ըստ Ռ.Սաֆրաստյանի, վերջին 2-3 տարում շատ է խոսվում Ռուսաստան-Թուրքիա հնարավոր մերձեցման մասին: Սակայն իրականում այն միայն տնտեսական բնույթի է: Կովկասյան տարածաշրջանում այս երկու երկրների աշխարհաքաղաքական տեսլականները իրարամերժ են. եւ' Թուրքիան, եւ' Ռուսաստանը ցանկանում են իրենց ազդեցության ոլորտ ներգրավել Հարավային Կովկասը: Այդ իսկ պատճառով, պետական մակարդակով այդ երկրների քաղաքական մերձեցումը քիչ հավանական է, եւ այդ տեսակետից Հայաստանին իրական վտանգ չի սպառնում:
Wednesday, December 24, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment