Tuesday, December 23, 2008

ԲՈՐԲՈՔՎՈՒՄ ԵՆ ԿՐՔԵՐԸ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ՄՈՐ «ՀԱՅԿԱԿԱՆ» ԾԱԳՄԱՆ ՇՈՒՐՋԸ

Թուրքիայի նախագահը դատական հայց է ներկայացրել պատգամավոր Արըթմանի դեմ
AZG. 23-12-2008- «Ներողություն եմ խնդրում» կայքէջի արգելափակման նախօրյակին Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության Իզմիրի պատգամավոր Ջանան Արըթմանը, համարելով այդ նախաձեռնությունը հայրենիքի դավաճանություն, կարծիք էր հայտնել, որ թուրք մտավորականներին խրախուսել է նախագահ Աբդուլլահ Գյուլը: Այնուհետեւ նա հայտարարել էր. «Նկատվում է, որ երկրի նախագահն աջակցում է «ներողություն խնդրելու» արշավին: Աբդուլլահ Գյուլը պետք է դառնա թուրք ազգի նախագահը, այլ ոչ թե իր էթնիկ արմատների: Եթե հետազոտեք նախագահի մոր էթնիկ ծագումը, ապա ամեն ինչ կհասկանաք»: Տկն Արըթմանը ակնարկում էր Թուրքիայի նախագահի մոր հայկական ծագման մասին, դրա հետ նաեւ, ինչպես «Թարաֆ» թերթի դեկտեմբերի 21-ի համարում վկայում է Մուրադ Բելգեն, ասել էր, որ Գյուլի մորեղբայրն աշխատում էր Իզմիրի հիվանդանոցներից մեկում, օգնականներին խոստովանել է իր քրոջ հայկական ծագումը: Այնուհետեւ նա շարունակել էր. «Մենք այդ մասին իմացել էինք դեռեւս Գյուլի, որպես հավատացյալ, նախագահի պաշտոնում առաջադրվելու օրերին, սակայն լռեցինք»: Այսինքն, Արըթմանը դրանով ասում է, որ Աբդուլլահ Գյուլը, լինելով քողարկված հայ, հասարակությանը ներկայացել է որպես թունդ մահմեդական եւ խաբել ժողովրդին: Ի դեպ, Իզմիրը Թուրքիայում կոսմոպոլիտ քաղաքի համարում ունի: Այսինքն, «դյոնմենների»՝ սալոնիկյան ծագումով առերեւույթ կրոնափոխ հրեաների գլխավոր կենտրոններից է, իսկ Իզմիրից Արըթմանին պատգամավոր առաջադրած Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը՝ «Իթթիհատ վե Թերաքքիի»՝ իրավաժառանգորդի, որի շարքերը հենց «դյոնմեններով» են հագեցված: Համենայն դեպս, Ջանան Արըթմանի հայտարարությանը բուռն հակազդեցությամբ արձագանքեցին ինչպես երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում», այնպես էլ՝ ընդդիմադիր կուսակցությունները: Քրդամետ «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության պատգամավորները տկն Ջանանին մեղադրեցին Հիտլերի եւ Մուսոլինիի տրամաբանությամբ առաջնորդվելու մեջ, որովհետեւ հայկական ծագման համար նախագահ Գյուլին դատապարտելով հայ լինելը երկրում դառնում է յուրատեսակ հանցագործություն: Ըստ երեւույթին, նկատի ունենալով տեղական իշխանությունների մարմինների առաջիկա ընտրությունները, Արըթմանին դատապարտեցին նաեւ Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները, որի անդամն է ինքը: Այս ամենը, սակայն չնպաստեց, որ Արըթմանը հետքայլ կատարի: Ավելին, նա շարունակեց Գյուլի հայկական ծագումը դիտարկել որպես հանցագործություն, ասելով. «Ձեռքիս տակ ունեմ նրա մոր էթնիկ ծագումը բացահայտող վստահելի աղբյուրներ: Այդ մասին եթե հարցնելու լինեք Գյուլի ազգականներին եւ պահանջեք միաժամանակ երդվել Ղուրանի վրա, ապա իրենք կխոստովանեն ճշմարտությունը, եթե, իհարկե, հավատացյալ, բարի մահմեդականներ են, ինչպես որ ներկայանում են»: Նա այդ մեղադրանքները շարունակեց նաեւ դեկտեմբերի 21-ին, թե ինքը դրանով երկիրն ու հայրենիքն է պաշտպանում: Նույն օրը, ի պատասխան դրան, գրավոր երկրորդ հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Աբդուլլահ Գյուլը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ինչպես նախագահի պաշտոնում առաջադրման, այնպես էլ վերջին օրերին ոմանց բացահայտ, ոմանց էլ չարանենգորեն տարածած կեղծիքն ուղղելու եւ իմ ընտանիքի վերաբերյալ ճշմարտությունը մեր փառապանծ ազգին հասանելի դարձնելու անհրաժեշտությունը ստիպեց ինձ հանդես գալ հայտարարությամբ: Այնպես որ բնիկ կեսարացի մայրս Սաթօղլու, իսկ հայրս Գյուլ (Գյուլուքիմամ) գերդաստանից են՝ հարյուրավոր տարիների անցյալ ունեցող թուրք մահմեդականներ: Այդ մասին վկայում են մեր գերդաստանի ամենայն բծախնդրությամբ պատրաստված տոհմածառն ու իմ կեսարացի համերկրացիները»: Գյուլի հայտարարության մեջ, որը տարածել է նախագահի մամուլի քարտուղարությունը, միաժամանակ ընդգծվել է, որ նախագահը (Օսմանյան) կայսրության իրավահաջորդ Թուրքիայում տարբերությունները դիտարկում է իբրեւ ազգային հարստություն, միաժամանակ հարգանքով է մոտենում յուրաքանչյուրի էթնիկ ծագմանը, դավանանքին եւ ընտանեկան կապերին: Տեղեկացնելով այդ մասին, Թուրքական հանրային հեռուստատեսությունը երեկ նշեց, որ նախագահ Աբդուլլահ Գյուլը դատական հայց է ներկայացրել Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանի դեմ, ինչը հիմնավորվել է երկրի նախագահին հրապարակավ վարկաբեկելու վերջինի միտումնավոր փորձերը: Թուրքիայի նախագահի մոր՝ Ադեւիե խանումի «հայկական» ծագումով, եթե դա նույնիսկ ապացուցված լինի, Աբդուլլահ Գյուլը հայ չի դառնալու: Կարեւորը, սակայն Գյուլի ընտանիքը չէ, այլ թուրքական ընտանիքներում հայ կնոջ հայտնվելու հանգամանքներն են: Այլ կերպ, այդ կինը ամուսնանալու պահին ընտանիք ունեցե՞լ է, թե՞ նրա ծնողներն արդեն ենթարկված են եղել 1,5 մլն հայերի ճակատագրին: Ակնհայտ է, որ խոսքը խառն ամուսնությունների մասին լինել չի կարող: Այլապես թուրքական ընտանիքներում հայտնված հայ կանանց հարցի հետ Թուրքիայում կարծարծվեր նաեւ հայկական ընտանիքներում հայտնված թուրք կանանց հարցը, որը հազիվ թե արծարծվի, որովհետեւ չի եղել դրա օրինակը 1915-ին: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: