HayInfo. 22-12-2008- ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ողջունում է թուրք մտավորականության կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին ստորագրահավաքի ակցիան, բայց դրան զուգահեռ վաղ է համարում այն «թուրք ժողովրդի ձայն» անվանել։ Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան Փորձագետը պարզաբանեց, որ իր կարծիքը հիմնված է երկու հանգամանքների վրա։«Առաջին հերթին, 200 հոգուց բաղկացած խումբը շատ փոքր է թուրք մտավորականության ակցիայի՝ զանգվածային բնույթի մասին խոսելու համար։ Երկրորդ, նամակի տեքստում բացակայում է «ցեղասպանություն» բառը»,- նշեց Սաֆրաստյանը։Վերջին հանգամանքը փորձագետն ավելի կարևորեց, քանի որ, նրա կարծիքով, ««ցեղասպանություն» բառն օգտագործելուց խուսափելը վկայում է թուրք հասարակության՝ 1915թ. իրադարձությունների ավելի լուրջ և սկզբունքային գնահատականներին անպատրաստ լինելու մասին։Սաֆրաստյանը միաժամանակ ընդգծեց, որ թուրք հասարակությունում վերջին ժամանակներս էական փոփոխություններ են կատարվում, մասնավորապես, թուլանում է ճնշումը պետության կողմից Ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող մարդկանց վրա, չնայած, որ այդ երկրի Քրեական օրենսգրքում դեռևս առկա է 301-րդ հոդվածը։Փորձագետն ավելացրեց նաև, որ թուրք մտավորականության ներկայացուցիչների ակցիան կարելի է համարել միայն առաջին քայլ՝ Ցեղասպանությունը հերքելու քաղաքականության դատապարտման ճանապարհին, որն իրականացնում է Թուրքիայի իշխող ռեժիմը։ «Երբ նման ակցիաները կսկսեն զանգվածային բնույթ կրել, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել այն մասին, որ թուրք հասարակությունը պատրաստ է ազատվել անցյալի բեռից և մտնել եվրոպական ընտանիք»,- հավելեց Սաֆրաստյանը։Անյցյալ շաբաթ Թուրքիայի մտավորականության շուրջ 200 ներկայացուցիչներ իրենց կայքում հրապարակել են համատեղ մի հայտարարություն, որում կոչ են արել վերացնել բազմամյա անարդարությունը՝ կապված պաշտոնական Անկարայի հետ, որը հրաժարվում է ընդունել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում (որի իրավահաջորդը ժամանակակից Թուրքիան է) տեղի ունեցած ողբերգական դեպքերը, որոնց ժամանակ սպանվել է շուրջ 1,5 միլիոն հայ:1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։Հայոց ցեղասպանության զոհերը ոչ միայն մարդիկ էին, այլև հոգևոր արժեքները։ 1915-1916թթ.-ին և հաջորդ տարիներին ոչնչացվել են հայկական վանքերում պահվող հազարավոր հայկական ձեռագրեր, ավերվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են ժողովրդի սրբությունները։ Թուրքիայի տարածքում պատմամշակութային հուշարձանների ավերումը, հայ ժողովրդի մշակութային բազմաթիվ արժեքների յուրացումը շարունակվում է առ այսօր։
Tuesday, December 23, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment