Անհանդուրժողականության կոպիտ դրսեվորում
2008թ. սեպտեմբերի 17-22-ը Հայաստանում կայացավ Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողով, ուր մեր համայնքից ներկա էին «Արաքս», «Յոյս», «Ալիք», «Պայման» եւ «Լույս» թերթերի խմբագիրները:
Համաժողովն ընթացավ խաղաղ պայմաններում: Մեր համայնքի ներկայացուցիչներն էլ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերեցին իրար նկատմամբ եւ նույնիսկ զրոյցներ գնաց, մեզ մոտ, իրանահայ մամուլի համաժողովներ կայացնելու մասին: Սակայն չգիտես ինչը՝ Թեհրանի, տարբեր գազերով, թունավորված օդը, թե կույր կուսակցականների ազդեցիկ լինելը, այլ ուղղության մղեցին մեր պաշտոնակից «Ալիք» օրաթերթին, որ համաժողովի նկարներից մեկը, նրանից մկրատելով թերթիս խմբագիր՝ Մովսես Քեշիշյանի պատկերը, տպեց իր 21 հոկտեմբերի համարում, սառը ջուր ցանելով հանդուժողականություն գովերգողների երեսին:
Ազնիվ լրագրողին ու մամուլին անհարիր այս վերաբերմունքը չփախավ «Յոյս» երկշաբաթաթերթի խմբագիր՝ Ռոբերտ Սաֆարյանի աչքերից, որին անդրադարձավ իր նոյեմբերի 12-ի համարում, քննադատելով անհանդուրժողականության այս մակարդակը: Նա այդ առիթով գրում է. «Յաւելեալ բացատրութիւններ պէտք չեն: Սա կրճատելու, անտեսելու, չեղեալ համարելու, եւ վերջապէս անհանդուրժողականութեան ամենակոպիտ, եւ միաժամանակ նուրբ ու աննկատ տեսակն է»:
Բան չի մնում ասելու, այն ինչ պիտի ասվեր արդեն ասվել է, պարզապես լսող ականջ է պետք: Մենք մեր պատրաստակամությունը դեռ Ծաղկաձորում ենք հայտնել՝ համայնքային եւ ազգային հարցերի համատեղ քննարկման շուրջ: Ու դարձյալ կրկնում ենք, որ ազգայինը բարձր է ամեն ինչից՝ եւ՛ անձնականից եւ՛ խմբայինից եւ՛ կուսակցականից: Եվ արդ, ոչ հանուն կրկնողության, այլ որպես հավատամք, շեշտում ենք Համաժողովում մեր խմբագրի հնչեցրած նախադասությունը՝ «Մենք պիտի հասկանանք, որ ոչ թե իրար հակառակորդներ ենք, այլ ընդդիմադիրներ, որ հարցերին նայում ենք տարբեր ակնոցներով եւ դա մեր՝ մեկ առ մեկիս, իրավունքն է»:
Իսկ ալիքական նման մոտեցումները միայն կարող են թշնամանք ստեղծել համայնքում, ուրիշ ոչինչ:
No comments:
Post a Comment