«Համբուրգեր աբենդբլաթը», վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, ծանուցում է, որ Թուրքիայի դատախազությունը գործ է հարուցել Բրեմենը ներկայացնող պրոֆեսոր Ռոնալդ Մյունխի դեմ՝ հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու համար: Մյունխը մեղադրվում է Եվրոխորհրդարանում անցկացված, Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած եղեռնի վերաբերյալ նիստում հնչեցրած ելույթում Աթաթուրքին նսեմացնելու համար:
Եթե Մյունխը Թուրքիա ուղեւորվի եւ նրան դատապարտեն, ապա գերմանացի պրոֆեսորին սպառնում է մինչեւ 3 տարվա բանտարկություն:
Մյունխն ասել է, թե ինքը խոսել է այժմյան Թունչելի գավառի (նախկինում՝ Դերսիմ) դեպքերի մասին, որտեղ գլխավորապես հայեր ու ալեւիներ էին ապրում: Ժամանակի ընթացքում նրանցից հազարավորներն արտաքսվել են: 1937-ին ապստամբություն եղավ, ինչը կառավարությունը արյունոտ ճնշման ենթարկեց: 10 հազարից ավելի մարդ զոհվեց:
Հիշատակված ելույթում Մյունխը դեպքերին արդարացի գնահատական է տվել եւ եզրակացրել, որ կատարվածի համար պատասխանատվություն են կրում նախկին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը եւ նրա վարչակազմը:
Եթե կատարվածն այսօր քննվեր դատարանում, ապա մեղադրանքը կձեւակերպվեր որպես մարդկության դեմ կատարված ոճիր եւ մասնակի ցեղասպանություն, հայտարարել է Մյունխը:
Հետազոտության մեջ բնական է, որ պատմությունը արդի չափորոշիչների համաձայն նոր արժեւորման ենթարկվի: «Թուրքիայում պատմության վերանայում ընդհանրապես գոյություն չունի, ինչը տեսնում ենք Հայոց ցեղասպանության հարցում, ասել է Մյունխը: Բայց երկիրն ինքը պետք է պատասխանատվություն ցույց տա: Սա կարելի էր ակնկալել նաեւ մի երկրից, որը Եվրոմիության անդամ է ուզում դառնալ», ասել է Մյունխը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Saturday, December 6, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment