ՓԱՐԻԶ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջերս Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրած եւ տարբեր քննարկումների ու քննադատությունների պատճառ դարձած «Ներողություն եմ խնդրում» նախաձեռնությանն անդրադարձել է նաեւ ֆրանսիական հայտնի պարբերականներից Le Monde-ը:
Թերթը «համարձակ գործելակերպ» է որակում 4 թուրք մտավորականների «Հայ եղբայրներից ներողություն եմ խնդրում» նախաձեռնությունը:
Le Monde-ը, նշելով, որ «թուրքական պաշտոնական գաղափարախոսության» ժխտողական քաղաքականությունը, որպես ավանդույթ, միշտ ընդդիմանում է բոլոր նրանց, ովքեր փորձում են հակառակվել պաշտոնական պատմական թեզին, գրում է, որ «1915-16թթ. 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ սպանված մոտ 1 մլն հայերի ճակատագիրը Թուրքիայում շարունակում է մնալ որպես տաբու»:
«Սակայն Թուրքիան այսօր արդեն չի կարող խույս տալ ինքնավերլուծությունից», որովհետեւ 90 տարի Թուրքիայում ժխտվող հայկական տարրը ելել է ասպարեզ:
Թերթը, անդրադառնալով նաեւ նախաձեռնության կապակցությամբ Թուրքիայում հնչող քննադատություններին եւ այդ հարցում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի «հանդուրժողական մոտեցմանը», գրում է. «Գյուլի կարծիքով, նման քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը խոսում է թուրքական ժողովրդավարության հասունության մասին: Սակայն մի քեմալիստ պատգամավոր Թուրքիայի նախագահին մեղադրում է հայկական արմատներ ունենալու մեջ: Թուրքիայում «հայ» բառը դեռեւս մարզադաշտերում, դպրոցի բակերում, դասամիջոցների ժամանակ, խորհրդարանի միջանցքներում շատ հաճախ օգտագործվում է որպես վիրավորանք»:
Le Monde-ը, մեծապես կարեւորելով Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներում «Ակոս»-ի երջանկահիշատակ խմբագրապետ Հրանտ Դինքի դերը, եզրափակում է. «Բոլորովին պատահականություն չէ, որ այս 4 մտավորականները Հրանտ Դինքի մերձավոր շրջապատից են»:
Wednesday, December 24, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment