HayInfo. 11-2-2009- «Ես համաձայն չեմ կոչել օգոստոսի 11-ը Ազգային ինքնության տոն, առաջարկում եմ նշել այդ օրը որպես մեր հերոսական նախնիների տոն, ինչպես հին հույների մոտ »,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հնագույն ձեռագրերի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Դևրիկյանը։ Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ
Ըստ վերջինիս՝ օգոստոսի 11-ը Ազգային ինքնության տոն համարելը պատմական սխալ է լինելու։
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է «Տոների և տոնական ամսաթվերի» օրենքի մեջ փոփոխությունների օրինագիծը։
Պատգամավորները քվեարկել են օգոստոսի 11-ը Ազգային ինքնության օր ճանաչելու օգտին։ Նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել «Դաշնակցություն» կուսակցությունը։
Բանասերն Ազգային ժողովի հետ իր տարաձայնությունը պայմանավորել է որոշ պատմական փաստերով։ Այսպես, ժողովրդի մեջ ընդունված է համարել օգոստոսի 11-ը Նավասարդ, ինչը, ըստ հին օրացույցի, նշանակում է Նոր տարվա սկիզբ։ Այդ օրվա ընթացքում անցկացվում են Նավասարդյան խաղեր։
«Այստեղ ոչ մի կապ չեմ տեսնում ոչ ազգային ինքնության, ոչ էլ օգոստոսի 11-ի միջև»,- նշել է բանասերը։ Դևրիկյանը հավելել է, որ հին հայկական օրացույցը շարժական է եղել. Նավասարդյան խաղերն ընկնում էին հուլիսի 11-ից մինչև օգոստոսի 11-ի ժամանակահատվածում։
Միևնույն ժամանակ Մատենադարանի գիտաշխատողը առաջարկում է տոնել Ազգային ինքնության տոնը Վարդավարի օրը։ Ավելին՝ Ղևոնդ Ալիշանի աշխատություններում ասվում է, որ պատմության որոշ ժամանակաշրջանում Նավասարդյան խաղերը տոնել են Վարդավարի հետ նույն օրը՝ հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
Դևրիկյանը նաև նշել է, որ Ազգային ինքնության օրը պետք է շարժական լինի, այլ ոչ թե ֆիքսված։ «Սա նույնն է, եթե Գիտելիքների տոնը նշեն Բանակի օրը։ Այդ օրը պետք է շարժական լինի, ինչպես բնությունը»,- եզրափակել է Դևրիկյանը։
ՀՅԴ Դաշնակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը հակադիր կարծիք է արտահայտել։ «Ինչու՞ ենք մենք հակադրում Ազգային ինքնության օրն այդ տոներին։ Սա մի շղթայի շարունակությունն է»,- նշել է Պետրոսյանը։ Ըստ վերջինիս՝ ազգային ինքնության տոնն ամփոփում է իր մեջ բոլոր համամասնությունները։
Պետրոսյանը կարծում է, որ չարժե կանգնել և մտածել, թե որ օրը նշեն այդ տոնը, կարևորն այն է, որ այդ օրը հաստատվել է։
«Այս տագնապալի ժամանակներում փոքր ժողովուրդները պետք է լրջորեն մտածեն իրենց ինքնությունը պահպանելու մասին»,- եզրափակել է Ալվարդ Պետրոսյանը։
Thursday, February 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment