Thursday, February 12, 2009

Լեւոն Զուրաբյան. «Մենք այդ երաշխիքներին չենք հավատում»

«Ազատություն» - 11-2-2009- Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխության հետ կապված գործընթացը ընդամենը Եվրոպայի խորհրդին խաբելու եւ ժամանակ ձգձգելու հնարք է: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդդիմադիր գործիչը նշեց, որ Հայ ազգային կոնգրեսը չի հավատում, թե այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքում «7-ի գործով» մեղադրվող անձինք ազատ կարձակվեն: «Չնայած նման երաշխիքներ իշխանությունները տվել են Եվրոպայի խորհրդին, մենք այդ երաշխիքներին չենք հավատում եւ դրա մասին հստակորեն ասել ենք Եվրոպայի խորհրդում մեր գործընկերներին», - ասաց Զուրաբյանը: «Մեր կարծիքով, իշխանություններն ամեն ինչ անում են դիմադրելու, երկարացնելու քաղբանտարկյալների ազատման պրոցեսը», - նշեց ընդդիմադիր գործիչը: «Այս հակաիրավական եւ հակասահմանադրական գործողությունների պատճառը այդ հոդվածների խմբագրության հետ կապ չունի: Քաղբանտարկյալների գործողությունների մեջ հանցակազմ չկա ինչպես գործող խմբագրությամբ` 225 եւ 300 հոդվածների, այնպես էլ որեւէ ապագա խմբագրությամբ հոդվածներով», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը: Ռուզաննա Ստեփանյան

No comments: