Lragir. 11-2-2009- Հաշվի առնելով թուրք մտավորականների եւ ավստրալացի հայի փոխադարձ ներողություն խնդրելու ստորագրահավաքների հնչեղությունը, Թումանյանի Թիֆլիսի տան վաճառքից հետո կարելի է սկսել նոր ստորագրահավաք` “Ես ամաչում եմ” վերնագրով:
Առաջինը թերեւս պետք է ստորագրեն գրողների միության անդամներն իրենց նախագահի գլխավորությամբ, որ մի քանի տարի առաջ այդ մասին իմանալով մի կես բերան կառավարությանն ասելուց հետո, իր պարտքը կատարած համարելով, անցել է թելեթոնով փող հավաքելու գործընթացին` հասարակությանը գցելով թյուրիմացության մեջ, իբր իրենք կարեւոր գործով են զբաղված: Հետաքրքիր է` որտեղ են ծախսվում այդ հավաքված գումարները, եթե 25 հազար դոլարը ափսոսում են Թումանյանի տունը գնելու համար:
Հաջորդը պետք է ստորագրեն իրենց մտավորական համարողները, որոնք ամեն տեղ ցիտում են Թումանյանին, լուրջ դեմքով «լոփո-լոփո» դուրս տալիս Աստված գիտե ինչ անհասկանալի բաների մասին, բայց Թումանյանի 140-ամյակը նշում են նրա տունն ու գրադարանն անդառնալի կորցնելով:
Հետո պետք է ստորագրեն Վրաստանում ՀՀ դեսպանատան բոլոր աշխատակիցներն իրենց հանցավոր «բառադիության», անգիտության ու անգործության համար: Իսկ եթե արդարանան, թե մեզ տեղյակ չեն պահել, առավելեւս պետք է ստորագրեն, քանի որ այնպես են «աշխատել», որ Թբիլիսիի քաղաքապետարանն իրենց «շան տեղ» չի դնում: Եվ իսկապես, նրանք այնտեղ մեր` հարկատուներիս փողերը մսխելուց բացի այդ ինչով են զբաղված, որ նման կարեւոր հարցն աչքաթող են արել, իսկ մյուս հարցերով, միեւնույն է, զբաղվում է Ռոբերտ Քոչարյանի խնամին (ի դեպ, ստորագրելու եւս մի հարմար թեկնածու):
Նրանցից հետո հերթը մշակույթի նախարարինն է, որը երեւի զբաղված է Թումանյանի 140-րդ հոբելյանին նվիրված միջոցառումների կազմակերպմամբ, որոնց համար, երեւի, կառավարությունն իր պահուստային ֆոնդից մի կլորիկ գումար է հատկացրել:
Հետո պետք է ստորագրի արտգործնախարարը, որ այսքանից հետո անգամ, հաստատ, Վրաստանում մեր այսպես կոչված դեսպանին, եւ դեսպանատան մյուս աշխատակիցներին հետ չի կանչի ու խայտառակ ձեւով չի վռնդի համակարգից, եւ դրանով հող կստեղծի ապագայում այլ նմանատիպ խայտառակությունների համար:
Պետք է ստորագրեն բոլոր օլիգարխներն ու պաշտոնյաները, որոնց մեքենաների անվահեծերն ավելին արժեն, քան Թումանյանի տունն էր:
Պետք է ստորագրեն բոլոր կուսակցապետերն իրենց ազգային ու մյուս գաղափարների պատրանքը փրկելու համար:
Ի վերջո, պետք է ստորագրի ողջ հայ հասարակությունը, որովհետեւ վերը նշվածները չեն ստորագրելու, իսկ հասարակությունը դրանից հետո էլ նրանց էլիտա է համարելու…
Չգիտեմ ով ինչպես, բայց ես ստորագրում եմ. Իսկապես ես շատ, շատ, շատ ամաչում եմ…
ՀԵՐԲԵՐՏ ՔՈՉԻՆՅԱՆ
Thursday, February 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment