«Ազատություն» - 11-2-2009- «Ես իրազեկված չեմ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ որեւէ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ», - APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:
Մեկնաբանելով Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությունը առաջիկա ամռանը հակամարտող կողմերի միջեւ շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորության վերաբերյալ, Բրայզան նաեւ ասել է. - «Ծանոթ չեմ Հայաստանում մեր դեսպանի հայտարարությունից մեջբերումներին, բայց հուսով եմ, որ ամռանը համաձայնություն ձեռք կբերվի հիմնարար սկզբունքների շուրջ: Այդուհանդերձ, դժվար է ասել` կստորագրվի՞ արդյոք այդ ընթացքում որեւէ փաստաթուղթ: Եթե հիմնարար սկզբունքները համաձայնեցվեն, դա հիմք կդառնա խաղաղ համաձայնագրի համար»:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն ինքը չի ակնկալում, որ ամռանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ կստորագրվի. - «Հնարավոր է, նախագահները ամռանը որեւէ փաստաթուղթ ստորագրելու ցանկություն հայտնեն: Սակայն նրանք կարող են եւ դա չանել: Մենք պետք է պահպանենք նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ բանակցությունների դրական զարգացումը»:
Դրական որակելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` հունվարի 28-ին Ցյուրիխում կայացած հանդիպումը եւ հավաստիացնելով, թե այն իր տեսած հանդիպումներից ամենաարդյունավետն էր, Բրայզան հավելել է. - «Երկու նախագահներն էլ շատ նախաձեռնող էին, նրանք տարաձայնությունների հաղթահարման ուղիներ են փնտրում: Գտնում եմ, որ մենք իրական հնարավորություններ ունենք»:
«Թեեւ համաձայնության հասնելը դժվար է, այն պետք է լինի հավասարակշռված եւ արդարացի», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը` հավելելով, որ համաձայնությունը պետք է ներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հայերի ինքնորոշման ցանկությունը:
«Համանախագահները ներկայացրել են իրենց առաջարկները նման համաձայնության հասնելու ուղիների վերաբերյալ: Այժմ մեր ջանքերը ուղղված են նրան, որպեսզի ի մի բերվի փաստաթուղթը եւ պահպանվի երկու կողմերի շահերին համապատասխանող հավասարակշռությունը: Մեր առաջնահերթությունն է այդ գործը մինչեւ վերջ հասցնելը», - ամփոփել է Մեթյու Բրայզան:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հնարավոր էր համարել, որ առաջիկա ամռանը հակամարտող կողմերը կարող են ստորագրել շրջանակային համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ` այս համատեքստում դրականորեն առանձնացնելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին` մոսկովյան եւ ցյուրիխյան հանդիպումները:
Thursday, February 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment