Հարցազրույց Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» ՀԿ միության խորհրդի նախագահ Սեւակ Արծրունու հետ
- Պարոն Արծրունի, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն այսօր Ջավախքում` Ախալցխայի վերջին ձերբակալությունների, Վահագն Չախալյանի դատավարության շարունակական հետաձգման եւ ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի գրանցման ձգձգման պայմաններում:
- Ախալցխայի ձերբակալությունների առաջին ժամերից իսկ մեզ համար հստակ էր, որ վիրահայության եւ ջավախահայության խնդիրների նկատմամբ միջազգային հանրության հետզհետե աճող հետաքրքրությունը պատճառ դարձավ, որ վրացական իշխանությունները Ջավախքում նոր խնդիր, ճգնաժամի նոր օջախ ստեղծեն: Պարզ է, որ նրանց համար հեշտ է լինելու Ախալցխայի ձերբակալությունների շուրջը շահարկումներ անել` փորձելով արժեզրկել վրացահայության պահանջատիրությունը:
Ձերբակալելով հայերին Ռուսաստանի Դաշնության օգտին լրտեսության մեղադրանքով, Վրաստանը փորձում է միաժամանակ իր ձեռքը վերցնել երկու լծակ` առաջինը Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ երկրորդը` միջազգային հանրության:
- Կարո՞ղ եք ավելի մանրամասն մեկնաբանել, թե այդ երկու ուղղություններով ինչպիսի ճնշում է փորձում իրականացնել Վրաստանը:
- Եթե խոսում ենք Հայաստանի Հանրապետության նկատմամբ գործածվող լծակի մասին, ապա այս դաշտում վրացական իշխանությունները նպատակ ունեն ջավախահայության օրինական իրավունքների պաշտպանության ուղղությամբ համահայկական հետզհետե աճող հետաքրքրությունը դարձնել հայ-վրացական բանակցությունների առարկա եւ պահանջել Հայաստանի Հանրապետության իշխանություններից չեզոքացնել այդ գործընթացը:
- Միջազգային հանրության պարագայում վրացական իշխանությունների նպատակն է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի շուրջն ընթացող ռուս-վրացական ճգնաժամի պայմաններում ապահովել Վրաստանի աշխարհաքաղաքական գործընկերների չեզոքությունըՙ ջավախահայերի հասարակական-քաղաքական կառույցները վերջնականապես ոչնչացնելու եւ դրանով ջավախահայությանը լռեցնելու գործում:
Եվ ըստ Ձեզ, պարոն Արծրունի, ի՞նչ է պետք անել:
- Ինչպես նախապես ասել ենք, այս ամենի պատասխանը ոչ թե պաշտոնական Հայաստանը պետք է տա, այլ հայկական ոչ կառավարական կազմակերպությունները, եւ հայկական սփյուռքը: Ջավախքի խնդիրը համահայկական խնդիր է, այս դեպքում եւս, ցեղասպանության ճանաչման խնդրի նման, հայությունը եւ Հայաստանի Հանրապետությունը դրա նկատմամբ կարող են հետապնդել ռազմավարական տարբեր ուղղություններ:
Գոյություն ունեն վիրահայության եւ ջավախահայության որպես էթնիկ փոքրամասնության պաշտպանության միջազգային հստակ մեխանիզմներ, որոնց հետ, հայաստանյան եւ սփյուռքյան ՈԿԿ-ների համապատասխան ճնշման առկայության դեպքում, վրացական իշխանությունները չեն կարող հաշվի չնստել:
Բացի դրանից, 2008 թ.-ի ամռանից առ այսօր վրացական պետական կառույցների կողմից Ջավախքում իրականացրած մի շարք ձերբակալությունների, ահաբեկումների, դատավարությունների եւ այլ համակարգված ու ծրագրված բնույթ ունեցող գործողությունների հետեւանքով ներկայումս Ջավախքում տիրում է վախի եւ հիասթափության մթնոլորտ: «Միասնական Ջավախք»-ի քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի դատավարությունը, ինչպես նաեւ ջավախահայ այլ քաղաքական ակտիվիստների նկատմամբ արդեն իսկ կայացած դատավարությունները ընթացել եւ ընթանում են խայտառակ իրավախախտումներով: Այս փաստերը համապատասխան միջազգային ատյաններին ներկայացնելու ուղղությամբ համակարգված եւ հետեւողական աշխատանք ծավալելու դեպքում մեզ կհաջողվի պարտավորեցնել վրացական իշխանություններին դադարեցնել ջավախահայության լռեցման այս գործընթացը եւ հաշվի նստել հայ փոքրամասնության իրավունքների հետ:
Օգտվելով առիթից, նորից ու նորից կոչ ենք ուղղում համայն հայությանը եւ հատկապես հայկական սփյուռքին` չապակողմնորոշվել եւ օրինական բոլոր միջոցներով պահանջել Վրաստանից լուծել ջավախահայության եւ վիրահայության բարձրացրած բոլոր արդար խնդիրները:
«Ազգ». 14-2-2009
No comments:
Post a Comment