Lragir- 13-2-2009- Հայաստանում ու Ադրբեջանում քննարկվում է թուրքական Հյուրրիյեթ թերթում հրապարակված տեղեկությունը, թե ղարաբաղյան խնդիրը քննարկվել է եռակողմ հայ-թուրք-ադրբեջանական հանդիպման ժամանակ, եւ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ քննարկվում են թերթի հրապարակած կարգավորման սկզբունքները` զորքերի տեղակայումը, տարածքների վերադարձը եւ այլն, Հայաստանում ուշադրությունը բեւեռվել է բանակցությանը Թուրքիայի մասնակցության փաստին:
Ղարաբաղյան խնդրի կարգավորման թուրքական թերթի հրապարակած մասնրամասներն անհեթեթություն են, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը: Լաչինում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ուզում եմ ասել, որ այդ մասին բազմիցս հայտարարվել է, ասել է նա: Ադրբեջանական թերթերը մեջբերումներ են անում թուրքական թերթերից, որոնք հայտնում են, թե իբր Հայաստանը խոստացել է Ադրբեջանին վերադարձնել Աղդամի, Ֆիզուլու, Զանգելանի, Ջեբրայիլի եւ Կուբաթլիի շրջանները: Փոխարենը Հայաստանը իբր խնդրել է բացել ճանապարհը եւ խաղաղապահ զորք տեղադրել Ղարաբաղում:
Հայաստանի ԱԳՆ հերքեց միայն այն, որ Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները ընթանում են Թուրքիայի միջնորդությամբ: Թեեւ ոչ ոք չի վիճարկում, որ Թուրքիան բանակցությունների պաշտոնական միջնորդ չէ, որոնք պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սակայն ինչն է խանգարում Թուրքիային “բարեկամաբար” հանդիպեցնել Հայաստանին ու Ադրբեջանին` հայերին համոզել վերադարձնել տարածքները, իսկ Բաքվին` հրաժարվել մի փոքր հողակտորից, որ կոչվում է ԼՂԻՄ: Հայաստանի ԱԳՆ, փաստորեն, չի բացառում նման ծառայության հնարավորությունը, ավելին, չի ժխտում, որ Մյունխենում տեղի են ունեցել հանդիպումներ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարության հետ:
Հայաստանում պետք է քննարկվի ոչ թե Թուրքիայի միջնորդության հարցը, այլ այն, թե ինչ է նա առաջարկում: Համաձայն է արդյոք Երեւանը այն ծրագրին, որն առաջարկվում է, եւ կարեւոր չէ ում կողմից, Թուրքիայի, ԵԱՀԿ, թե Ռուսաստանի: Եթե ոչ, ապա պետք է այդ մասին հայտարարել բարձրաձայն: Կարելի է արդյոք անհամաձայնություն համարել Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Ղարաբաղի դեմ, որը ստիպված էր ռազմական ճանապարհով փրկվել ոչնչացումից: Դժվար է ասել: Բայց եթե Հայաստանը համաձայն է առաջարկված ծրագրին, ապա նա լիովին իրավունք ունի “ընտրել” իրեն հարմար միջնորդին: Հնարավոր է, Թուրքիան խոստացել է փոխարենը բացել սահմանները: Եւ այդժամ առաջին պլան է մղվում Սերժ Սարգսյանի` Մյունխենում ասված թեզը միասնական տարածաշրջանային քաղաքականություն վարելու եւ Հարավային Կովկասի երկրների բաժանարար գծերը հանելու մասին:
Թուրքական Զաման թերթին տված հարցազրույցում Ղարաբաղի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանն ասել է, թե թուրք լրագրողները, հավանաբար, ցանկալին ներկայացրել են որպես իրականություն: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Թուրքիան իսկապես ազդեցություն ունի Ադրբեջանի վրա եւ կարող էր կիրառել այդ ազդեցությունը` Բաքվին համոզելու, որ նա հրաժարվի նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքի մի մասի հանդեպ պահանջներից: Այս դեպքում Թուրքիայի միջնորդությունը կարող է դրական լինել:
ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ
Saturday, February 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment