Wednesday, February 11, 2009

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ ՀԱԶԻՎ ԹԵ ԼԻՆԻ ԱՌՈՂՋ

Lragir. 10-2-2009- Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես այժմ, ապա տարվա երկրորդ կեսին մենք հնարավորություն կունենանք խոսելու հարաբերության կարգավորման առաջընթացի մասին: Այդ միտքը Մյունխենի միջազգային համաժողովի ընթացքում, ուր քննարկվում են անվտանգության համաշխարհային խնդիրներ, արտահայտել էր Սերժ Սարգսյանը: Բնականաբար տրամաբանական հարց է առաջանում, թե ինչպես է այժմ ամեն ինչ ընթանում, որ Սերժ Սարգսյանին տալիս է այդօրինակ լավատեսություն արտահայտելու հիմք: Եթե այդ լավատեսությունը կա, ապա կնշանակի, որ հայ-թուրքական ներկայիս շփումները առարկայական են, արդյունավետ են եւ դինամիկ, այլապես դժվար է պատկերացնլ, որ այդ շփումների ընթացքում ոչ մի այդպիսի բան չկա, բայց կարգավորման առաջընթացը մեկ էլ հանկարծ ընկնելու է երկնքից: Թեեւ, մյուս կողմից, պետք է չէ բացառել նաեւ այդ զարգացումը: Բանն այն է, որ կա մոտեցում, ըստ որի հայ-թուրքական ջերմացման ներկայիս փուլը աշխարհաքաղաքական սցենար է, որ կատարում են Հայաստանն ու Թուրքիան, կամ որ սկսել է Հայաստանը, իսկ Թուրքիան էլ ենթարկվել դրան: Հետեւաբար, եթե առկա է այդպիսի բան, ապա չի բացառվում, որ Հայաստանն ու Թուրքիան կշփվեն այնքան, մինչեւ որ ըստ սցենարի նրանք ստանան արդեն կոնկրետ քայլ կատարելու, կոնկրետ բան անելու պատվեր: Գուցե Սերժ Սարգսյանը տեղեկություն է ստացել, “սցենարիստներից”, որ տարվա երկրորդ կեսին այդ պատվերը լինելու է, ու այդ իսկ պատճառով էլ հայտնում է իր լավատեսությունը հայ-թուրքական շփումների կապակցությամբ: Բայց, քանի որ “պատվերով հարաբերությունների” տարբերակը ընդամենը գուշակություններ են կամ ենթադրություններ, որոնք չունեն հստակ ապացույցներ, թերեւս ճիշտ կլինի առաջնորդվել ինքնուրույնության կանխավարկածով: Այսինքն, համարենք, քանի որ այլ կերպ համարելու հիմքեր չկան, որ Հայաստանն ու Թուրքիան բացառապես սեփական նախաձեռնությամբ են մտել հայ-թուրքական ջերմացման գործընթացի մեջ, որ սկսեց Սերժ Սարգսյանն իր ֆուտբոլային հայտնի հրավերով: Դրանից հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հրապարակային շփումները եղել են ընդամենը մի քանի անգամ` երեք, թե չորս հանդիպում արտգործնախարարների մակարդակով, ընդ որում մեկը եռակողմ` Ադրբեջանի մասնակցությամբ, եւ մի հանդիպում էլ Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ` Դավոսում: Ուղղակի երկկողմ հրապարակային այլ շփում տեղի չի ունեցել: Թե ինչ հարցեր են կոնկրետ քննարկվում այդ հանդիպումների ընթացքում, ասելը բավական դժվար է, քանի որ հանդիպումների օրակարգի մասին չի արվում որեւէ հրապարակային հայտարարություն: Անգամ հանդիպումներից հետո տրվող գնահատականները սկսում ու ավարտվում են ընդամենը ընդհանուր ձեւակերպումներով այն մասին, թե հանդիպումը դրական էր: Թե հատկապես ինչու էր դրական, չի ասվում ոչ մի բառ: Բայց եթե Սերժ Սարգսյանը հայտնում է տարվա երկրորդ կեսին առաջընթաց արձանագրելու լավատեսություն, կնշանակի ինչ որ բան այդուհանդերձ քննարկվում է: Սակայն հենց դա էլ հարց է առաջացնում, թե ինչ է քննարկվում, որը հանգեցնելու է լավ բանի, բայց որի մասին հանրությանն առայժմ չեն տեղեկացնում: Գուցե վախենում են, որ հանրությունն իմանալով այդ քննարկման օրակարգի մասին` կարող է փչացնել լավ պայմանավորվածությունը, կամ դրա հեռանկարը: Բայց այդ պարագայում էլ, եթե այդ լավ պայմանավորվածությունը հանրության համար լինելու է անընկալելի, այդ դեպքում ինչպես կարող է պայմանավորվածությունը համարվել լավ: Գուցե բանակցողները, այսինքն նախագահները կամ արտգործնախարարները, ավելի հասուն են, քան հասարակությունները եւ ավելի լավ են հասկանում նաեւ այդ հասարակությունների համար լավն ու վատը, քան հասարակություններն իրենք: Բայց չէ որ այդ դեպքում, միեւնույն է, ստացվում է, որ առաջընթացի, այսինքն ինչ որ պայմանավորվածության դեպքում, որին հասնելու պրոցեսը փաստացի փակ է պահվում հասարակությունների համար, Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները հակասության մեջ կարող են մտնել սեփական հասարակությունների հետ, որովհետեւ եթե հասարակությունները չընդունեն այդ պայմանավորվածությունը, անհնար է լինելու այն կյանքի կոչել: Հազիվ թե կարելի է ենթադրել, որ հայ-թուրքական հարաբերությունը օրինակ Հայաստանի համար այնպիսի մանանա է լինելու, որ հասարակությունը հենց դրա համն առնի` այլեւս չի հետաքրքրվելու, թե ինչի գնով է այդ մանանան ձեռք բերվել: Թեեւ, մյուս կողմից, հասարակության հետ հակասության առումով Հայաստանի իշխանության համար թերեւս ամեն ինչ շատ ավելի սովորական է, եւ մի հակասություն ավելի, մի հակասություն պակաս` իշխանությանը երեւի թե այդքան էլ չի հուզում: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: