Thursday, February 12, 2009

ԼՂՀ ԱԳՆ. Հայ-թուրքական բանակցություններին ղարաբաղյան հակամարտության մանրամասներ չեն քննարկվել

/PanARMENIAN.Net/ 11.02.2009 -Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ, որն այսօր ամենաօպտիմալ միջնորդական ձեւաչափն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության ղեկավար Մարսել Պետրոսյանը: «Մեզ մոտ եղած տեղեկատվության համաձայն, վերջերս կայացած հայ-թուրքական բանակցությունների ժամանակ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանրամասներ չեն քննարկվել»,- նշել է Պետրոսյանը: Թուրքական Hurriyet թերթը նախօրեին հաղորդել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը մասնակի համաձայնություն են ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: «Այդ համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հանդիպել է երկու երկրների պաշտոնյաների հետ: Դրանից հետո կողմերն, իբր, պայմանավորվածություն են ձեռք բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման չորս կետերի շուրջ: «Ծրագրի համաձայն Հայաստանը որոշակի ժամկետում Ադրբեջանին կվերադարձնի Լեռնային Ղարաբաղի շուրջը գտնվող որոշ քաղաքներ եւ կապահովի այն ադրբեջանցիների հայրենադարձությունը, որոնք ստիպված են եղել լքել այդ տարածքները»,- գրում է թերթը: Բացի այդ, ԼՂՀ վարչակազմը գաղութային մարմնի է վերածվելու, իսկ Քելբաջարի տարածքը շրջանի կարգավիճակի որոշումից հետո կվերադարձվի Ադրբեջանին: «Դրա հետ մեկտեղ կբացվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը, եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանին կտեղակայվեն միջազգային խաղաղարարական ուժեր»,- նշում է Hurriyet-ը:

No comments: