Ըստ քահանայի, պահքը երկնքյա տերությունը ժառանգելու եւ հոգու փրկության հասնելու համար է
«Մեծ պահքի շրջանը հասարակության մեջ ընդգծված դրսեւորում ունի, սակայն ոչ բոլորն են լիարժեք ընկալում դրա բովանդակությունն ու կարեւորությունը»,- ասում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանը։ Այս տարի փետրվարի 23-ից սկսվում է Մեծ պահքի շրջանը։ 48 օր շարունակ պահք պահողները լրիվ հրաժարվելու են կենդանական ծագման սննդից, մոլի սովորություններից՝ շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից։ Ըստ մեր զրուցակցի, Մեծ պահքը սկսվում է Բուն բարեկենդանից մինչեւ Սուրբ հարության՝ Զատկի տոնի նախօրեն. «Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը։ Իր մկրտությունից հետո Հիսուսը հոգով անապատ առաջնորդվեց եւ 40 օր փորձվեց սատանայի կողմից, չկերավ ու չխմեց այդ օրերին։ Հիսուսն իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ եւ իրականություն ստանա՝ շնորհիվ իր ծոմապահության։ Այդ քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց եւս մեկշաբաթյա շրջանը՝ Ավագ շաբաթը։ Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը տեւում է 48 օր»։ Ինչպես նշում է տեր Եսային, Մեծ պահքն ունի 7 կիրակի՝ Բուն բարեկենդանի, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդի։ Անդրադառնալով հասարակության՝ պահքի պահպանման խնդրին, տեր Եսային ասում է՝ «Հասարակությունը կիսով չափ գիտի, որ Զատկից առաջ՝ 48 օր, պահք են պահում, մի մասը պահում է, մի մասը՝ ոչ, բայց շատերը չգիտեն, որ 48 օրով պահքը չի սահմանափակվում, իսկ իրականում ողջ տարվա կեսը պետք է պահք պահել։ Սակայն դա նույն Մեծ պահքը չէ։ Առավել ընդգծված, հոգեւոր մեր կյանքում այն առանձնանում է, որովհետեւ Մեծ պահքով պատրաստվում ենք դիմավորելու Քրիստոսի հարության տոնը՝ հոգեպես «վերանորոգվելու», վերածնվելու, արժանանալու՝ ընդունել հարություն առած Քրիստոսին մեր կյանքում»։ Քահանայի մեկնաբանմամբ, Մեծ պահքը տարբեր դրսեւորումներ ունի մարդկային կյանքում. «Պահքը մարդու հավատքի դրսեւորումն է, այսինքն՝ առաջին մղումը, ամենակարեւոր պայմանը, որ մենք պետք է պահք պահենք։ Եթե հավատանք, ամեն ինչ էլ կստացվի։ Շատերը մտածում են՝ դժվար կլինի հրաժարվել կենդանական կերակուրներից, երեւույթներից, որոնցից կախման մեջ են գտնվում եւ այլն։ Իրականում, եթե մենք ունենք հավատ, եթե հասկանում ենք պահքի կարեւորությունը՝ բոլոր սովորություններն ու դրանցից հրաժարումը դառնում է երկրորդական: Անհավատ մարդը չի կարող պահք պահել, այլ միայն հավատացյալը՝ լիարժեք ընկալելով դրա նշանակությունը»։ Ըստ քահանայի, մարդիկ պահք են պահում, բայց եկեղեցի չեն գնում, պատարագի չեն մասնակցում. «Այս դեպքում պահքը ոչ մի արժեք չունի: Ընդհանրապես, տարվա ընթացքում եւ այդ քառասուն օրերին մարդիկ պահքի հետ ինչ-որ նպատակներ են կապում, այսինքն՝ ստացվում է, որ նպատակով են պահք պահում, սա անհասկանալի երեւույթ է։ Օրինակ, կարող են սիրահարված լինել եւ միայն իրենց սիրելիին հասնելու համար պահք պահել։ Սա ամենամեծ թյուրիմացությունն է, որ կարող է լինել պահեցողության հետ կապված: Պահքը պահում են միայն մեկ կարեւոր նպատակ հետապնդելով՝ երկնքյա տերությունը ժառանգելու եւ հոգու փրկության հասնելու համար»։ Խոսելով երիտասարդության շրջանում պահքի սխալ ընկալման մասին, տեր Եսային փաստում է. «Երիտասարդության շրջանում պահքը, չգիտես ինչու, ասոցացվում է սննդակարգի հետ. պահքը միայն կերակուրով չի սկսվում եւ սահմանափակվում, այն նաեւ հոգու պահք է։ Կերակուրներից հրաժարվում ենք այնքանով, որքանով մենք հավատում ենք եւ պահպանելով կերակուրի պահքը, պարտադիր պետք է պահել նաեւ հոգու պահք, ինչը բացթողում է, մասնավորապես, մեր երիտասարդության շրջանում»:
ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ
Wednesday, February 11, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment