Wednesday, February 11, 2009

Ղարաբաղյան կարգավորման հարցում չարժե Հայաստանից միակողմանի և անպատեհ զիջումներ սպասել. փորձագետ

Ղարաբաղյան կարգավորման հարցում չարժե Հայաստանից միակողմանի և անպատեհ զիջումներ սպասել, երեքշաբթի հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան «ՀՀ նախագահի հայտարարությունները Մյունխենում ցույց տվեցին մի կարևոր ասպեկտ, որ ղարաբաղյան կարգավորման հարցում միակողմանի և անպատեհ զիջումներ Հայաստանից սպասել չարժե»,- ասաց Բեկարյանը։ Նա նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր լավացումը հաճախ կապում են ղարաբաղյան հիմնախնդրում Հայաստանի կողմից հնարավոր զիջումների հետ։ Ինչպես կարծում է փորձագետը, որոշ քաղաքական գործիչներ իսկապես դրանում սպառնալիք են տեսնում, ոմանք էլ օգտագործում են այդ հարցն իրենց քաղաքական մեքենայությունների համար։ «Նախագահի հայտարարություններն այդ հնարավոր կապի բացակայության արտացոլումն են»,- ասաց Բեքարյանը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հանդես գալով Մյունխենում անդրկովկասյան և բալկանյան տարածաշրջաններին նվիրված քննարկումներին Անվտանգության 45-րդ միջազգային համաժողովի շրջանակներում, հայտարարեց, որ հայկական կողմը պատերազմ չի կամենում, բայց և չի վախենում դրանից։ «Կարծում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ սխալ ուղու վրա են՝ մտածելով, թե որոշակի միջոցներ կարող են հիմք ծառայել այլ պետությանը վախեցնելու կամ պատերազմով ինչ-որ պայմաններ թելադրելու համար։ Ես արդեն մի քանի անգամ հայտարարել եմ և այսօր էլ հայտարարում եմ ՝ մենք պատերազմ չենք ուզում, բայց և չենք վախենում դրանից»,- ընդգծել էր Սարգսյանը։ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

No comments: