Wednesday, February 11, 2009

ՄԻԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՍԿՍՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԴԻՄԱՑ

Lragir. 10-2-2009-Հայաստանը շահագրգռված է ԱՊՀ տարածքում միասնական տարադրամի ներդրման հարցում: Այդ մասին “Միր” միջպետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ասել է, որ Հայաստանն ունի այդ կապակցությամբ առաջարկների ամբողջ փաթեթ եւ միասնական տարադրամի առաջարկով երեք տարի առաջ հանդես է եկել Հայաստանի կենտրոնական բանկը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԱՊՀ շրջանակում ստեղծված միջպետական բանկին ներկայացվել է համապատասխան նախագիծ, եւ որ միջպետական բանկը, որում ներկայացված են ԱՊՀ բոլոր պետությունների կենտրոնական բանկերը, կարող է դառնալ հմապատասխան գործիք: “Եթե կենտրոնական բանկերը սկսեն ապավինել այդ տարադրամին եւ համարեն դա իրենց համար պահուստային տարադրամ, ապա դա էլ հենց կլինի առաջին քայլը, որպեսզի երկրների միջեւ հաշվարկներն իրականացվեն ռուբլով, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է ռուբլին իր համար համարի պահուստային տարադրամ: Հետագայում դա նշանակում է, որ մեր առեւտրային բանկերը կարող են Կենտրոնական բանկում ունենալ ռուբլով հաշիվներ եւ այդպես շարունակ: Այսինքն դա բավականաչափ մշակված տրամաբանական սխեմա է, եւ Հայաստանը դրանում կենսականորեն շահագրգռված է, որ ռուբլին լինի մի տարադրամ, որի միջոցով մենք կարողանանք իրականացնել մեր բոլոր գործարքները ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ ԱՊՀ մյուս երկրների հետ: Մենք պետք է ջանք գործադրենք, որ դա տեղի ունենա”, հայտարարել է Տիգրան Սարգսյանը: Ի դեպ, մամուլում ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Հայաստանին տրամադրելով 500 միլիոն դոլար կայունության վարկ, Ռուսաստանը դրել է ռուբլու գոտուն միանալու պահանջ:

No comments: