Wednesday, February 11, 2009

ՈՉ ԵՐԿԻՄԱՍՏ ԱԿՆԱՐԿՆԵՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

Lragir. 10-2-2009- Բնականաբար սպասելի էր, որ Մոսկվայից վերադարձից հետո Սերժ Սարգսյանը պետք է հրավիրեր արտակարգ խորհրդակցություն ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության կապակցությամբ: Աղմկոտ ցանկացած սպանություն, այն էլ երբ սպանում են ուժային կառույցի բարձրաստիճան ներկայացուցչի, ունակ է խարխլել պետական կառավարման համակարգը թեկուզ միայն հոգեբանորեն, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաները համակվում են անպաշտպանության զգացումով: Այսինքն, համակարգի, կառավարման բուրգի գլուխը անպայման պետք է փորձի անմիջապես իրավիճակը վերցնել իր հսկողության տակ, կամ գոնե ցույց տալ, որ դա այդպես է, հավաստիացնել համակարգին, որ ինքը տիրապետում է կամ ունակ է տիրապետել իրավիճակին եւ անել համարժեք քայլեր, այլապես անխուսափելի է նախագահի հեղինակության խարխլումը: Խոսքն իհարկե կառավարող էլիտայի մոտ ունեցած հեղինակության մասին է, քանի որ հանրության, քաղաքացիների շրջանում Հայաստանի նախագահը, եւ թերեւս նախագահները, համենայն դեպս իրենց պաշտոնական գործունեության ժամանակահատվածում, ունենում են հեղինակության հետ կապված լուրջ խնդիրներ: Այդ խնդիրն առավել քան լուրջ է Սերժ Սարգսյանի պարագայում, նկատի առնելով, որ նրա նախագահությունն է “կառուցվել” մարտի 1-ի գնով եւ այդ նախագահությունն է, որ ուղեկցվում է քաղաքական դրդապատճառներով տասնյակ ձերբակալվածների եւ դատապարտվածների առկայությամբ: Եվ ահա այդ իրավիճակում փոխոստիկանապետի սպանությունը կարող էր Սերժ Սարգսյանին թողնել միանգամայն մենակ` զրկելով նույնիսկ համակարգի աջակցությունից, նույնիսկ այն պարագայում, որ Գեւորգ Մհերյանը համարվում էր ոչ թե իր, այլ Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամ, ինչպես գրեցին շատ լրատվամիջոցներ: Իրավիճակն իհարկե այնքան էլ կրիտիկական չէր, որ Սերժ Սարգսյանը թողներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մոսկովյան գագաթնաժողովն ու գար Հայաստան, առավել եւս, որ Մոսկվայում լուծվում էր Հայաստանի համար կես միլիարդ դոլարի վարկը, սակայն անկասկած է, որ Հայաստան գալուց հետո պետք է փորձեր թելերը հավաքել իր ձեռքը: Նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցությունից ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն այդ բանը փորձեց անել առավելագույնս ընդգրկուն ծավալով: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սպանությունը ոչ թե մեկ անձի դեմ էր ուղղված, այլ տասնյակ հազարների, իրավապահ ամբողջ համակարգի: Ընդ որում, ինչպես ցուցադրվեց հանդիպման մասին պատմող հեռուստատեսային տարբերակում, նախագահը հայտարարեց, որ սպանությունը համակարգի դեմ էր` անկախ դրդապատճառից: Այսինքն, եթե Գեւորգ Մհերյանին սպանել են նույնիսկ կենցաղային պատճառով, ասենք խանդի հողի վրա, ինչի մասին վարկած էլ արդեն շրջանառվում է մամուլում, ապա միեւնույն է` դա իրավապահ ամբողջ համակարգի դեմ է: Բնականաբար հարց է առաջանում, թե որն է դրա նպատակը: Այսինքն ինչու է Սերժ Սարգսյանն այդպես ընդլայնում սպանության ճակատը: Տրամաբանությունը հուշում է, որ նախագահը թերեւս պետք է աներ հակառակը, այսինքն այն նեղացներ, համակարգին հանգստացնելու համար, ցույց տալու համար, որ իրականում ողբերգությունը միայն մարդկային է, բայց ոչ երբեք համակարգային, որ սպառնալիքը համակարգի դեմ չէ եւ ինքը թույլ չի տա, որ համակարգը հայտնվի այդօրինակ մարտահրավերի առաջ: Չէ որ այդ լարվածությունը կարող է աշխատել հենց Սերժ Սարգսյանի դեմ, քանի որ համակարգի համար ինքն է թիվ մեկ պատասխանատուն, թե գրված, թե չգրված օրենքով, ինչը մեր կառավարման համակարգի համար ամենից էականն է: Իսկ միգուցե խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը դեռեւս չի համարվում թիվ մեկ լիարժեք պատասխանատու եւ այդպիսով փորձում է ցույց տալ, թե ինչպիսի վտանգներ եւ ոտնձգություններ կարող են լինել համակարգի դեմ, երբ այդ պատասխանատվության ինստիտուտը ըստ էության որոշակիորեն տրանսֆորմացվել է, տրոհվել, բաժանվելով արդեն լույսի եւ ստվերի: Այսինքն, փաստացի ստացվում է, որ Սերժ Սարգսյանը թերեւս ընտրության առաջ է կանգնեցրել համակարգը` կամ այն համախմբվում է իր շուրջը լիովին, պաշտպանվելու համար անտեսանելի, բայց արդեն շոշափելի վտանգներից, կամ էլ հայտնվում է այդօրինակ սպառնալիքների առաջ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: