Thursday, February 12, 2009

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ», ԳՐՈՒՄ Է «ՀՅՈՒՐԻԵԹԸ»

Եթե Թուրքիան չի ստուգում Հայաստանի հակազդեցությունը, ապա նախագիծը օգտագործում է որպես միջնորդական առաքելության միջոց
Փետրվարի 6-8-ը Մյունխենում անվտանգության քաղաքականության հարցերով գումարված 45-րդ համաժողովին մասնակցել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Փետրվարի 7-ին նա ընդունել էր Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանին, իսկ հաջորդ օրվա ելույթում, ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ակնարկի, ասել. «Ես բազմիցս հայտարարել եմ եւ հիմա կրկնեմՙ մենք կռվելուց չենք վախենում, պարզապես պատերազմ չենք ուզում: Կարծում եմ, տեղին չէ հայկական կողմի ագրեսիայից խոսելը, երբ այդ ագրեսիան իրականում անկախություն նվաճած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սկսել է գործադրել Ադրբեջանը: Շնորհիվ ռազմական գործողությունների, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ պաշտպանվել, որպեսզի փրկվի լիակատար բնաջնջումից, գրավելով այդ ընթացքում որոշ տարածքներ, որտեղից ամեն օր հարյուրավոր ռումբերի կարկուտ էր տեղում երեխաների, կանանց եւ ծերերի վրա: Ի՞նչ է, այդ մարդիկ մեղավո՞ր են, որ թույլ չեն տվել իրենց ոչնչացնել»: Նախագահ Սարգսյանի խոսքերը պարզ են, հստակ եւ անվիճելի: Այսինքն, դրանք չեն կարող երկիմաստ մեկնաբանությունների տեղիք տալ: Թերեւս դա է պատճառը, որ Բաբաջանը, որը Սերժ Սարգսյանի ընդունելությունից հետո հանդիպել էր նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, թուրք լրագրողների հարցերին պատասխանելիս, առանց ՀՀ նախագահի խոսքերը մեկնաբանելու, անդրադարձավ հանդիպումներին եւ ասաց. «Թուրքիան ու Հայաստանը թերեւս Առաջին համաշխարհայինից ի վեր այսպիսի բուռն հանդիպումներ չեն ունեցել: Գուցե սա կողմերի համար ամենակարեւոր գործընթացն է»: Բաբաջանին հավելեց խոսնակը. «Հանդիպումներն անցան դրական մթնոլորտում, օգտակար էին եւ կառուցողական: Նորմալացման նպատակ հետապնդող այս հանդիպումները կշարունակվեն նաեւ առաջիկայում»: Ինչ վերաբերում է մամուլին, ապա փետրվարի 9-ին կայքէջում CNN-Turk-ը «Պատերազմի եւ խաղաղության ուղերձ Սարգսյանից» վերնագրով անդրադարձավ ՀՀ նախագահի խոսքերին, ընդգծելով. «Դեռեւս հայկական օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ նախագահ Սարգսյանն ասաց, որ դրա կարգավորման համար Ադրբեջանը պետք է հրաժարվի կամք թելադրելու ոճից, ապա պաշտպանեց տեղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը: Սերժ Սարգսյանը միաժամանակ նշեց, որ իրենք պատերազմ չեն ուզում, սակայն պատերազմից էլ չեն վախենում»: Փետրվարի 10-ին նույն շեշտադրությամբ նախագահ Սարգսյանի խոսքերին անդրադարձավ նաեւ թուրքական հանրային հեռուստատեսությունը, իսկ փետրվարի 11-ին «Հյուրիեթը» հրապարակեց ղարաբաղյան հակամարտության, այսպես կոչված, կարգավորման նախագիծը, որն իբր չորս կետերից է բաղկացած, այս կետերի շուրջը կողմերը եկել են համաձայնության եւ համաձայնությունը ձեռք է բերվել հայկական կողմի հետ հանդիպումներում: «Հյուրիեթը» չի հստակեցնում, թե խոսքը որ հանդիպման մասին է, չի նշում դրա վայրը, ոչ էլՙ մասնակիցների անունները: Եթե խնդրո առարկան Մյունխենում ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի հետ Ալի Բաբաջանի հանդիպումն է, ապա դա տեղի է ունեցել փետրվարի 7-ին: Ավելին, փետրվարի 8-ի ելույթում նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, ցույց է տվել ռազմատենչ հայտարարություններով հայերին կամք թելադրելու Ադրբեջանի որդեգրած դիրքորոշման սնանկությունը: Այդ ընթացքում, նույն օրը, առանց Անկարա վերադառնալու, Մյունխենից Մամեդյարովի հետ Բաքու է ուղեւորվել Բաբաջանը, որտեղ նախագահ Իլհամ Ալիեւին իրազեկել է հայկական կողմի հետ անցկացվող հանդիպումների մասին, իսկ փետրվարի 9-ին վերադարձել է Անկարա: Այսինքն, եթե կար հայկական կողմի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախագծի շուրջ համաձայնություն, ապա ինչո՞ւ «Հյուրիեթը» դրա հրապարակման համար չորս օր սպասել է, ինչո՞ւ Թուրքիայի, առավել եւս «եղբայրական» Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող այս նախագծին թուրքական որեւէ այլ թերթ կամ լրատվամիջոց չի անդրադարձել: Ինչո՞ւ «Հյուրիեթը» սկզբնաղբյուր չի նշում, այլ անորոշ ձեւակերպումներով խճճում է իր իսկ հրապարակումը եւ թուրքական կողմը ինչո՞ւ չի արձագանքել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ պատերազմի մասին ՀՀ նախագահի խոսքերին, քանի որ դրանք տրամագծորեն հակասում են «նախագծի շուրջը հայկական կողմի հետ ձեռք բերված սկզբունքային համաձայնության» տրամաբանությանը: «Հյուրիեթը» ճարպկորեն շրջանցում է այս հարցերը, փոխարենը երկիմաստ ներածականով շարադրում է նշված նախագծի չորս կետերը: Ահա թե ինչ է գրում. «Մյունխեն-Բաքու երթուղով իրականացված դիվանագիտական եռուզեռից հետո նշվեց, որ Հայաստանը դրական է վերաբերվում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանաբնակ վեց բնակավայրերի փուլ առ փուլ Ադրբեջանին փոխանցմանը: Ստացած տեղեկությունների համաձայն, այն չորս կետերը, որոնց շուրջ կողմերը սկզբունքորեն համաձայնել են, ունեն հետեւյալ ձեւակերպումը. 1. Հայաստանի օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղին հարակից 6 գավառների բնակչության գերակշռող մասը օկուպացիայից առաջ ադրբեջանցի թուրքեր էին: Օկուպացումից հետո ադրբեջանցիները լքելով իրենց տները, ստիպված հեռացան այս 6 գավառներից: Հայաստանը որոշակի ժամանակահատվածում Ադրբեջանին է վերադարձնելու Ֆիզուլին, Աղդամը, Ջեբրայիլը, Ղուբաթլուն եւ Զանգելանը: 2. Հետ են վերադառնալու այն ադրբեջանցիները, որոնք հեռացել են իրենց տներից: 3. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար շրջանի կառավարումը հանձնվելու է ժամանակավոր մարմնի: Կարգավիճակի ճշտումից հետո Ադրբեջանին է հանձնվելու Քելբաջարը, որի դիմաց Ադրբեջանը Հայաստանի առջեւ բացելու է օդային տարածքն ու երկաթուղին: 4. Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանային գոտում տեղակայվելու են միջազգային խաղաղապահ ուժեր, որոնցում չեն ընդգրկվի շահագրգիռ երկրներըՙ Թուրքիան եւ Ռուսաստանը»: Եթե «Հյուրիեթի» հրապարակած այս նախագծով թուրքական կողմը չի փորձում ստուգել Հայաստանի հակազդեցությունը, ապա պետք է ենթադրել, որ դա համաձայնեցնելու ակնկալիքով ներկայացվել է Լեռնային Ղարաբաղը թեկուզ զենքի ուժով վերագրավելու հայտարարություններ անող Ադրբեջանին: Նախագիծը հավանաբար կներկայացվի նաեւ Հայաստանին, սակայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հավանություն տա դրան: Այսինքն, խնդիրը ոչ այնքան Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման թուրքական այս նախագիծն է կամ դրա բովանդակությունը, որքան Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությամբ հանդես եկող Թուրքիայի միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հարցում: «ԱԶԳ» 12.2.2009- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: