Lragir. 10-2-2009- Հայաստանին 500 միլիոն դոլարի կայունության վարկ տրամադրելու մասին Ռուսաստանի Դաշնության որոշումից ընդամենը մի քանի օր անց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ “Միր” միջպետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցով, որով փաստացի արդարացրեց այն խոսակցությունները, որոնց հեղինակները հավաստիացնում էին, որ կես միլիարդ դոլարի գինը լինելու է այն, որ Հայաստանը պարտադրված է լինելու մտնել ռուբլու գոտի: Տիգրան Սարգսյանի հարցազրույցը փաստացի վկայեց, որ կարծես թե Հայաստանը սկսել է իրագործել այդ պարտադրանքը, այսինքն սկսել է արեն իսկ “վերադարձնել” դեռեւս չստացած վարկը:
Բանն այն է, որ Տիգրան Սարգսյանն իր հարցազրույցի մեջ խոսում է ԱՊՀ երկրների համար միասնական տարադրամի ստեղծման անհրաժեշտության մասին, ասելով, որ դա կարող է լինել ռուբլին, իսկ որպես առաջին քայլ կարելի է ռուբլին դարձնել ԱՊՀ երկրների համար պահուստային տարադրամ, եւ ԱՊՀ երկրների միջեւ գործարքներն ու ֆինանսական օպերացիաներն իրականացնել ռուբլով: Ընդ որում, Տիգրան Սարգսյանը ասում է, որ Հայաստանի Կենտրոնական բանկը դա առաջարկել է դեռեւս երեք տարի առաջ: Բացի այդ, Հայաստանի Կենտրոնական բանկի այդ ժամանակի նախագահ, իսկ այժմ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում է, որ Հայաստանը շահագրգռված է այդ հարցում եւ ջանքեր է գործադրելու այն իրականություն դարձնելու համար:
Հետաքրքրական է, որ հարցազրույցից ժամեր անց ռուբլու գոտի ձեւավորելու մասին խոսել էր ՌԴ Պետդումայի ստորին պալատի նախագահ Բորիս Գրիզլովը: Դա այն Գրիզլովն է, որը Հայաստանը անվանել էր Ռուսաստանի ֆորպոստ: Նա հայտարարել էր, որ ժամանակն է որքան հնարավոր է արագ դուրս գալ օտար ֆինանսական համակարգերից եւ ստեղծել սեփականը, այսինքն ձեւավորել ռուբլու գոտի, որը համաշխարհային ֆինանսատնտեսական պայմաններում կապահովի ֆինանսական կայունություն եւ անվտանգություն:
Երբ ռուբլու գոտի ձեւավորելու մասին խոսում է Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյան, դա հասկանալի է: Ռուսաստանի համար ռուբլու գոտին եւս մի հնարավորություն է, գուցե վերջին հնարավորություններից մեկն է պահել իր ազդեցությունն ԱՊՀ տարածքում, առավել եւս, որ այդ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ուժգնացման հետ մեկտեղ այդ ազդեցությունը դրսեւորում է էապես թուլանալու միտումներ: Ռուբլու գոտիով Ռուսաստանը կարող է ձգել եւ կապել ԱՊՀ երկրներին, թույլ չտալով, որ նրանք ցրվեն այս ու այն կողմ: Ի վերջո, Ռուսաստանի տրամադրած կայունության վարկերը մի օր վերջանալու են, իսկ անընդհատ տրամադրելու հնարավորություն ռուսները չունեն, թեկուզ այն պատճառով, որ նավթը արդեն մի քանի ամիս է չի բարձրանում 40 դոլարի սահմանից, պլյուս-մինուս մի քանի դոլար, իսկ դրանից բացի էլ Ռուսաստանի մարզերում գործազրկությունը աճում է շաբաթական մի քանի տասնյակ հազարներով, ու փակվում են այնպիսի գործարաններ, որոնց վրա հիմնված են ամբողջական բնաավայրեր ու նույնիսկ քաղաքներ:
Հետեւաբար պարզ է, որ Ռուսաստանը շահագրգռված պետք է լինի այնպիսի մեխանիզմի ձեւավորմամբ, որը երկար ժամանակով կերաշխավորի ԱՊՀ երկրների կախվածությունը: Ռուբլու գոտին թերեւս դիտվում է հենց այդ համատեքստում: Սակայն խնդիրն այն է, թե ինչով է Հայաստանը շահագրգռված այդ հարցում: Առավել եւս հետաքրքրական է, թե ինչու է Հայաստանը փորձում հանդես գալ որպես ռուբլու գոտու ստեղծման գաղափարախոս: Հենց դա է նկատվում Տիգրան Սարգսյանի խոսքի մեջ, թե Հայաստանը շահագրգռված է ԱՊՀ միասնական տարադրամի հարցում եւ ջանք է գործադրելու դա իրականություն դարձնելու համար: Ինչու է Հայաստանը ստանձնում Ռուսաստանի շահն այդ հարցում սպասարկելու առաքելությունը: Արդյոք դա լիովին բխում է նաեւ Հայաստանի շահից, թե ուղղակի իսկապես հենց դա է կես միլիարդ դոլարի վարկը ստանալու գինը: Արդյոք այդ գինը Հայաստանի համար թանկ չէ, արդյոք Հայաստանը խնդիրներ չի ունենա արեւմտյան ֆինանսական համակարգի հետ, արդյոք ռուբլու գոտին Հայաստանին չի դնի Ռուսաստանից տնտեսական ու քաղաքական անդառնալի կախվածության մեջ, արդյոք դրա տնտեսական էֆեկտը համարժեք կարող է լինել քաղաքական հետեւանքներին: Մտածել է արդյոք Հայաստանի իշխանությունն այդ ամենի մասին: Եթե այո, ապա արդյոք պետք չէ հայտարարություններ անելուց առաջ հանդես գալ հանրային քննարկումներով, եթե խոսքը վերաբերում է այդօրինակ լուրջ որոշմանը: Թե Հայաստանի իշխանությանը լիակատար երջանկության համար պետք էր 500 միլիոն դոլար, եւ ստանալով այն, իշխանությունն ուղղակի երջանկությունից խելքը թռցրել է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, February 11, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment