«Ազատություն» - 11-2-2009- Քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի կարծիքով, տեղեկատվական մթնոլորտը Հայաստանում ծայրահեղորեն ձեւախեղված է: Մասնավորապես, հեռուստաեթերում ցանկացած իրադարձություն, ցանկացած երեւույթ ներկայացվում է այնպես, ինչպես ձեռնտու է ներկայացնողին, մինչդեռ տեղեկատվության անմիջական սպառողը, այդպես էլ չի կարողանում ըմբռնել, թե իրականում ինչ է կատարվում:
«Այսինքն` ոչ մի խոսք ոչ մի արժեք չունի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սարգսյանը:
Նրա կարծիքով, ցանկացած իրադարձություն, այդ թվում` արտաքին քաղաքական հնչեղություն ունեցող, Հայաստանի իշխանությունների կողմից ծառայեցվում է ներքաղաքական նպատակների համար, եւ այս առումով անվտանգության մյունխենյան համաժողովը բացառություն չէր: Իշխանական քարոզչամիջոցները, ըստ փորձագետի, այս առիթը օգտագործում են այնպիսի մի մթնոլորտ ստեղծելու համար, որի ենթատեքստը հետեւյալն է` Հայաստանը կանգնած է բավական լուրջ արտաքին մարտահրավերների առջեւ, եւ այժմ հարկ է մտածել ոչ թե ներքին խնդիրների մասին, այլ համախմբվել արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար:
Նշված համատեքստում քաղաքագետը հանգիստ տեղավորում է նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում վերջերս ստեղծված զինստորաբաժանումների մասին տեղեկատվության մատուցումը: Կոնկրետ ինչո՞ւ են ստեղծվել, ի՞նչ նպատակների են դրանք ծառայելու. այս եւ մի շարք այլ հարցեր այդպես էլ հստակ պատասխաններ չեն ստանում, բայց սրան զուգահեռ արհեստականորեն ու շատ որոշակի նպատակներով աղմուկ է բարձրացվում. - «Եվ այդ աղմուկը, իհարկե, շեղում է, թույլ չի տալիս տեսնել, թե որտեղ են լուրջ պրոցեսներ կատարվում, որտեղ` ոչ»:
Տիգրան Ավետիսյան
Thursday, February 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment