
Lragir 24-4-2009- “Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմաններն ապաշրջափակելուն, Ռուսաստանի ու ԱՄՆ շահերը համընկնում են, ապրիլի 24-ին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Պատմությունը չպետք է խանգարի մեզ”: Հիշեցնենք, որ 2007 թ. հոկտեմբերի 15-ին նույն Արա Աբրահամյանը հայտարարել էր, թե Համաշխարհային հայկական կոնգրեսը փաստաթղթեր է պատրաստել հայերի ցեղասպանության վերաբերյալ Հաագայի միջազգային դատարան դիմելու համար: Նա ասել էր, թե իրենք տեղեկացրել են այդ մասին Հայաստանի իշխանությանը, սակայն չեն ստացել դրական պատասխան: Եւ հանկարծ, տարիուկես անց, Աբրահամյանը փոխում է դիրքորոշումը, ողջունելով սահմանի բացումը: Թերեւս, դեր է խաղացել հանգամանքը, որ “ԱՄՆ եւ Ռուսաստանի շահերը համընկնում են”:
Հետաքրքիր իրավիճակ է ձեւավորվել հայկական աշխարհում: Հայաստանի Հանրապետությունն ի դեմս իշխանության վարում է Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականություն առանց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի, “արեւմտյան հայերը” սպասում են, թե ինչ կասի այսօր ԱՄՆ նախագահը, կարծես դրանից է կախված՝ եղել է արդյոք ցեղասպանությունը, ռուսական սփյուռքը պնդում է, թե հարաբերության կարգավորումը ձեռնտու է թե Ռուսաստանին, թե ԱՄՆ-ին: Եւ հարց է առաջանում՝ ում շահերին են հետամուտ մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանից դուրս՝ այն երկրների?, որտեղ ապրում են, թե՞ Հայաստանի: Հարցը հենց այնպես չէ՝ օրերս հայկական ազգանունով Ռուսաստանի Պետդումայի մի պատգամավոր խիստ վրդովվել էր Վրաստանում ՆԱՏՕ զորավարժությանը Հայաստանի մասնակցությունից, սակայն վրդովվել էր Ռուսաստանի տեսանկյունից: Հայկական հեռուստաալիքներն էլ հաճույքով ցուցադրում էին այդ վրդովմունքը, կարծես ՆԱՏՕ-ն Հայաստանի թշնամին է: Այդ վրդովմունքը պատահական չէր՝ Ռուսաստանը, նաեւ այլ երկրները, իր քաղաքականությունը քարոզելու համար օգտագործում է ոչ ռուսական ազգանունով մարդկանց: Ռուսական առաջնահերթությունները, որ հնչեցնում են ասենք Միհրանյանը կամ Բաղդասարովը, հայերին կարող են ավելի մոտ լինել: Հայերն իրենք հաճույքով են կուլ տալիս խայծը, ազգանվան “յան” մասնիկից կորցնելով զգոնությունը: Ոչ ոք չի էլ մտածում վերլուծել, ձեռնտու է արդյոք իրեն, որպես հայ, այդ մարդկանց հնչեցրած գաղափարները: Թե՞ այդ գաղափարներն այլ հեղինակներ ունեն:
ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ
No comments:
Post a Comment