Saturday, April 25, 2009

Բաքվում Էրդողանը կբացատրի Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում

/PanARMENIAN.Net/ 24.04.2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 30-ին կայցելի Ադրբեջան, որպեսզի պաշտոնակամ Բաքվին ներկայացնի Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Ադրբեջանական սփյուռքի միջազգային կենտրոնի փոխնախագահ Վագիֆ Արզումանլին հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնագիրը որոշ առավելություններ կբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Մենք մինչեւ հիմա ծանոթ չենք հայ-թուրքական համաձայնագրի հետ, բայց Թուրքիայի պաշտոնական անձինք հաստատում են այն փաստը, որ հայ-թուրքական հարաբերությունները կախված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Եթե Հայաստանը ցանկանում է առաջընթաց տեսնել Թուրքիայի հետ հարաբերություններում, նա պետք է լեզու գտնի Ադրբեջանի հետ»,- նշել է Արզումանին: Ապրիլի 29-ին Թուրքիայի Անվտանգության խորհրդում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Դրանից անմիջապես հետո` հաջորդ օրը, Թուրքիայի վարչապետը կայցելի Ադրբեջան: «Թուրքիան չի կարող որեւէ քայլեր կատարել առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման»,- հայտնել է Վագիֆ Արզումանլին, հաղորդում է WorldBulletin-ը:

No comments: