«ԱԶԳ», 30-05-2009- Խմբագրությունում էլփոստով ստացված Արիս Պապիկյանի գրությունը բոլորի ուշադրությանն է հանձնում թուրքական «Թուդեյզ Զաման» թերթի մայիսի 23-ի համարում տպագրված Օրհան Քեմալ Չինգիզի հոդվածը, որտեղ «Ինչո՞ւ խորքային պետության թիրախը քրիստոնյաներն են» վերնագրի ներքո հեղինակը քննության է առնում «Էրգենեքոնի» գործունեությունը:
Հիշատակելուց հետո Տրապիզոնում 2006 թվին սպանված կաթոլիկ քահանա Անդրեա Սանտորոյի, ապա 2007-ին Հրանտ Դինքի, այնուհետեւ Մալաթիայում երեք միսիոներների եւ այլ քաղաքներում կատարված քրիստոնյաների դաժան սպանությունների մասին, Օրհան Չինգիզը գտնում է, որ ոճրագործություն կատարողները մի ընդհանուր բան ունեն, նրանք բոլոր «տասնութ տարեկանից ցածր են, ծայրահեղ ազգայնականներ են եւ բացահայտ սերտ կապեր ունեն ծայրահեղ ազգայնական հայտնի խմբավորումների հետ»:
«Որպես փաստաբան առնչվելով վերոնշյալ սպանություններին, կարող եմ ասել` բոլոր հիմքերը կան պնդելու, որ հետքերը տանում են դեպի «Էրգենեքոնի» խմբավորումը: Որոշ կասկածյալներ ուղղակի կամ անուղղակի շփումներ են ունեցել ժանդարմերիայի թոշակառու հրամանատար, գեներալ Վելի Քյուչուկի հետ, որի անունը հաճախ սերտորեն կապվում է այսպես կոչված «չբացահայտված սպանությունների» հետ, որոնք իրականացվել են տարբեր ժամանակներում քուրդ ակտիվիստների դեմ», գրում է նա:
«Բայց եթե, իրոք, այդ բոլոր սպանությունները ծրագրել եւ իրագործել է «Էրգենեքոնը», ի՞նչն էր դրդապատճառը», հարցնում է Չինգիզը եւ պատասխանում. «Դրա պատասխանը պետք է որոնել «Էրգենեքոնի» խմբավորման մտայնության մեջ»: Այնուհետեւ չցանկանալով շատ խորանալ այդ կազմակերպության մութ գործունեության մեջ, նա բավարարվում է սոսկ անդրադառնալով դրա հակաքրիստոնեական գործողություններին:
«Էրգենեքոնի» հակա-քրիստոնեական գործողությունները
«Այդ կազմակերպության թղթապանակներում շատ փաստաթղթեր կան գրված հենց իրենց` անդամների կողմից: Դրանցից մեկն, օրինակ, «Հատուկ ուժեր» բաժինը (Օզել Քուվվեթլեր) որակել է «Էրգենեքոնի աչք», գրում է նա եւ բացատրում, որ այժմյան «Հատուկ ուժեր» կոչված զինվորական միավորումը հետնորդն է ժամանակին գործող «Հատուկ նշանակության գործողությունների» (Օզել Հարպ Դաիրեսի) բաժնի: Ըստ այդ բաժնի վետերան հրամանատար Սաբրի Յիրմիբեշօղլուի, 1955-ի սեպտեմբերի 5-6-ի գազանային իրադարձությունները Ստամբուլի ոչ մահմեդական քաղաքացիների դեմ հենց «այդ բաժնի հիասքանչ իրագործումներից էր»:
«Այդ «հիասքանչ» գործողություններն այսօր շարունակում է իրագործել «Էրգենեքոնը»: Դրա հանդիպման վայրերից մեկը «Թուրք ուղղափառ պատրիարքարանն» է (ԹՈւՊ), որը հիմնադրվել է անցյալ դարի 20-ական թվականներին թուրքական կառավարության ֆինանսական օժանդակությամբ` պայքարելու համար Հույն ուղղափառ եկեղեցու դեմ: Դրա միակ նպատակը Թուրքիայի քրիստոնյաների` հատկապես միսիոներական գործողություն ծավալողների դեմ պայքարելն է:
Նրա խոսնակներից Սեւգի Էրենոլը, որն այժմ բանտարկված է «Էրգենեքոնի» գործով, հետեւողականորեն զգուշացրել է բարձրաստիճան ղեկավարներին Թուրքիայում ծավալվող «միսիոներական սպառնալիքի» մասին:
Ծայրահեղ ազգայնական փաստաբան Քեմալ Քերինջսիզն, ով «թուրքականությունը վիրավորելու» մեղադրանքով դատական հայցեր է ներկայացնում լիբերալ մտավորականներին, նույնպես միսիոներների դեմ պայքար է ծավալել: «Էրգենեքոնի» օգտին քարոզչությամբ զբաղվող Էրգյուն Պոյրազը, մյուս կողմից, ատելությամբ լցված մի նոր գիրք է հրատարակել «Վեց ամիս միսիոներների շրջապատում» վերնագրով, որը դարձել է Թուրքիայում բողոքական հավատի տեր մարդկանց դեմ պայքարողների «սուրբ գիրքը»: Պոյրազը նաեւ գրքեր է հրատարակել, որոնցում վարչապետ Էրդողանին եւ նախագահ Գյուլին մեղադրել է ոչ մահմեդական արմատներ ունենալու մեջ:
Անկարայի Առեւտրի պալատը (ԱԱՊ) նույնպես ցնորական զեկույցներ է հրատարակել միսիոներական գործողությունների մասին, որոնք Ազգային անվտանգության խորհրդի շատ լուրջ ուշադրությանն են արժանացել: Գերազանցապես գնդապետներից կազմված խորհուրդը այդ հրատարակումներից հետո հայտարարեց, որ «միսիոներական գործողությունները «իրական վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը»: 1998-ից ԱԱՊ-ի նախագահ Սինան Այգյունը «Էրգենեքոնի» գործով կասկածյալներից մեկն է:
«Էրգենեքոնի» մտայնությունը
«Էրգենեքոնը» երկար պատմություն ունի Թուրքիայում, հնարավոր չէ մեկ հոդվածի սահմաններում անդրադառնալ այդ պատմության բոլոր էջերին: Սակայն եթե ուզում եք հասկանալ, թե ի՞նչ է «Էրգենեքոնը» եւ ի՞նչ մտայնություն ունի, բավական է նայել «Միություն եւ առաջընթաց» (IIC) կոմիտեի գործունեությանը, որը պատասխանատու է Օսմանյան կայսրության փլուզման օրերին հայերի զանգվածային կոտորածների կազմակերպման մեջ», շարունակում է Չինգիզը եւ նշում, որ «Էրգենեքոնը» նույն մտայնության տեր կազմակերպություն է: Դա այդ նախկին կոմիտեի վերջին ժառանգորդն է: Քանի որ Թուրքիան երբեք դեմ առ դեմ չի նայել իր անցյալի մութ էջերին, ապա երբեք էլ չի կարողացել վերացնել երկրի ներսում գործող նմանատիպ ստվերային կառույցները: Պատահական չէ, որ երբ ՆԱՏՕ-ն հովանավորում էր «ստվերային բանակների» ստեղծումը (որը լայնորեն ճանաչված է Operation Gladio անվանումով), Թուրքիայում շատ խոր արմատներ գտավ եւ անմիջապես որդեգրվեց այդ գաղափարը: Երկիրը պարզապես պարարտ հող էր նման անօրինական կառույցների համար: Թուրքիան երբեք էլ չի փորձել վերացնել դրանք: Թուրքիան միակ ՆԱՏՕ-ական երկիրն է, որ մինչ օրս չի բացահայտել այդ կառույց(ներ)ի գործունեությունը:
«Եթե ինձ հարցնեն, թե ո՞րն է նպատակը, ի վերջո, հակաքրիստոնեական այդ գործողությունների, կպատասխանեմ. իր նախորդի` IIC կոմիտեի նման «Էրգենեքոնը» ցանկանում է «մաքրել» Անատոլիան: Կատարված սպանությունների միջոցով նրանք փորձում են Թուրքիայի քրիստոնյա համայնքներին հասկացնել, որ նրանց գոյությունը այս երկրում ցանկալի չէ: Նրանք նաեւ նպատակ ունեն խոչընդոտելու Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Միսիոներական գործունեության դեմ պայքար մղելով, նրանք մահմեդականներին, հատկապես պահպանողական մահմեդականներին առավել ազգայնամոլ են փորձում դարձնել` ներկայացնելով միսիոներներին որպես «իմպերիալիզմի» գործակալների, որոնք Թուրքիան քայքայում են: Թուրքիայում ժողովրդավարությունը կհաղթանակի եւ ոչ մահմեդական փոքրամասնությունների իրավունքները կվերականգնվեն այն ժամանակ միայն, երբ վերջ դրվի այս ֆաշիստական խմբավորմանը եւ նրա մտայնությանը», եզրակացնում է Օրհան Չինգիզը:
Saturday, May 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment