Saturday, May 30, 2009

Սփյուռքն էլ է մեղավոր. մտածողության և գործելակերպի ճգնաժամի համազգային բնույթի մասին

Tert.am. 29-5-2009- Այսօրվա հանրահավաքի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել՝ կապված տարբեր գործընթացներում Սփյուռքի դիրքորոշման հետ։ Նա նշել է, որ զարմանալիորեն Թուրքիայի և Ղարաբաղի հարցերում Սփյուռքի ազգային կառույցների օրակարգը համընկնում է Արևմտյան կառավարությունների օրակարգին, միայն այն տարբերությամբ, որ եթե վերջիններս այդ հարցերում Հայաստանից զիջումներ են պահանջում, Սփյուռքը պահանջում է հակառակը, այն է՝ չկատարել որևէ զիջում: «Զարմանալիորեն նույնն է նաև Արևմուտքի և Սփյուռքի վերաբերմունքը, կամ ավելի ճիշտ վերաբերմունքի բացակայությունը ժողովրդավարության բնագավառում Հայաստանում տիրող վիճակի նկատմամբ։ Արևմուտքի պես, Սփյուռքին ևս կարծես թե ամենևին չեն հետաքրքրում սեփական ժողովրդի դեմ Հայաստանի իշխանությունների կիրառած բռնությունները, ընտրությունների կեղծումը, քաղբանտարկյալների առկայությունը և երկրի թալանը, միայն թե վարչախումբը բավարարի վերը նշված իր երկու ակնկալիքները։ Արևմուտքն օտար է, նա կարող է այդպես վարվել։ Բայց երբ նույնը կատարում է Սփյուռքը, դա արդեն ողբալի է», - նշել է ընդդիմության ղեկավար։ Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակել է՝ ասելով, որ այս առումով հատկանշական է մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո սփյուռքահայ մի շարք կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի, Հայ բարեգործական ընդհանուր միության, Հայ ազգային կոմիտեի (Դաշնակցության), Հայոց եկեղեցու ամերիկյան թեմերի համատեղ հայտարարությունը, որը կուրորեն հավատալով իրադարձությունների պաշտոնական վարկածին, «դատապարտում էր ընդդիմության գործողությունները և անվերապահ աջակցություն հայտնում սեփական ժողովրդի արյունը հեղած Հայաստանի ոչ-լեգիտիմ, «նորընտիր» իշխանություններին»։ «Այս խայտառակ փաստաթուղթը հիշեցնում է նույնքան խայտառակ մի այլ հայտարարություն, որով 1988թ. աշնանը հանդես էին եկել սփյուռքահայ կուսակցությունները՝ ի դատապարտումն Ղարաբաղ կոմիտեի գործողությունների և ի պաշտպանություն Համազգային շարժման դեմ պայքարող Հայաստանի կոմունիստական իշխանությունների։ Սփյուռքը Հայաստանի ղեկավարներին գնահատում է մեկ չափանիշով. եթե նա հետապնդում է Ցեղասպանության ճանաչման հարցը, հայհոյում է թուրքերին ու հոխորտում նրանց դեմ, ուրեմն նա ազգային հերոս է, իսկ եթե ոչ՝ ազգի դավաճան, փույթ չէ, թե այդ հայհոյանքներն ու հոխորտանքը ինչ հետևանքներ կունենան երկրի ու նրա ժողովրդի ճակատագրի վրա։ Սփյուռքի միևնույն ազգային ջոջերը, որոնք մեկ տարի առաջ անվերապահորեն պաշտպանում էին Սերժ Սարգսյանին, այսօր հայհոյում են նրան, ամենևին չգիտակցելով իրենց սեփական մեղքը։ Նրանք բացարձակապես չեն անդրադառնում, որ նպաստելով Հայաստանում ոչ-լեգիտիմ իշխանության ձևավորմանը և դրանով թուլացնելով մեր պետականությունը, իրենց իսկ ձեռքով հարթեցին արտաքին քաղաքականության ոլորտում զիջումների գնալու Սերժ Սարգսյանի ճանապարհը։ Այնպես որ, Ցեղասպանության ճանաչման գործընթացի վիժեցման և Ղարաբաղին սպառնացող վտանգավոր զարգացումների համար, նրանք նույնքան պատասխանատու են, որքան Սարգսյանը», - ասել է Լևոն Տեր–Պետրոսյանը։ ՀՀ առաջին նախագահը հայտարարել է, որ մինչև սփյուռքահայ կազմակերպությունները հայ ժողովրդի գոյության աղբյուրը և ինքնության հիմքը չհամարեն Հայոց պետականությունը, ինչպես նաև չարժևորեն հայրենիքում ժողովրդավարության և ազատության գաղափարների կայացման հրատապ անհրաժեշտությունը, նրանք կվտանգեն թե՛ Հայաստանի ապագայի կերտման, թե՛ ազգային իղձերի իրականացման գործը։ «Սփյուռքում կան, իհարկե, առողջ ուժեր, որոնք բոլորովին այլ կերպ են դատում, քան ազգային կոչված կառույցները, բայց նրանք, բացառությամբ մի քանի խիզախ անհատների, համատարած հասարակական կարծիքի ճնշման տակ, չեն համարձակվում բարձրաձայնել իրենց առարկությունները։ Դրանից բխում է, որ Սփյուռքի ավանդական կառույցների բարեփոխումը նույնքան այժմեական է, որքան Հայաստանի պետական կառույցներինը։ Մտածողության և գործելակերպի ճգնաժամն, ըստ այդմ, համազգային է, և չի սահմանափակվում միայն Հայաստանի շրջանակներով», - Սփյուռքին վերաբերող ելույթի հատվածը այսպես է եզրափակել Լևոն Տեր-Պետրոսյանը։

No comments: