Thursday, May 28, 2009

Իրան-Հայաստան բարեկամության միության պատվիրակությունը` ՀՀ սփյուռքի նախարարությունում

27-5-2009- ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանն ընդունեց Իրան-Հայաստան բարեկամության միության պատվիրակությանը` Իրանահայ գործարար, բարերար Լեւոն Ահարոնյանի գլխավորությամբ: Փոխնախարարը կարեւորեց Իրան-Հայաստան բարեկամության միության դերը մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաեւ ընդգծեց միության իրականացրած ծրագրերի կարեւորությունը: ՙՄենք հպարտ ենք, որ Իրանում ունենք հզոր հայ համայնք, որը պահպանում է իր լեզուն, իր հավատը, իր մշակույթը` միաժամանակ մնալով Իրանի օրինապաշտ քաղաքացիներ՚,- նշեց փոխնախարարը: Ստեփան Պետրոսյանը ներկայացրեց Հայրենիք-Սփյուռք համագործակցության շրջանակներում սփյուռքի նախարարության նախաձեռնած ծրագրերը, մասնավորապես կարեւորելով մասնագիտական համաժողովների կազմակերպումն ու նշեց, որ ակնկալում է Իրան-Հայաստան բարեկամության միության աջակցությունը Իրանահայ մասնագետների մասնակցությանը նախատեսվող համաժողովներին ապահովելու, ինչպես նաեւ ՙԱրի Տուն՚ ծրագրին մասնակցելու նպատակով հայ երիտասարդների խմբերի ձեւավորման գործում: Միության անդամները ողջունելով ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը, հույս հայտնեցին, որ իրանահայ մեծ համայնքի առկայության պայմաններում նշանակալի կլինի նախարարության դերը Իրանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող բազմաբնույթ հարաբերությունների զարգացման գործում: Իրան-Հայաստան հումանիտար կապերի զարգացման շրջանակներում քննարկվեց դեպի սբ. Թադեի վանք սփյուռքահայ ուսանողների ուխտագնացության կազմակերպման, նախարարության ՙՀայերն այսօր՚ էլ. թերթի եւ Իրանում տպագրվող ՙՀույս՚ երկշաբաթաթերթի համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման եւ այլ հարցեր: Պատվիրակության անդամները` կարեւորելով երկու երկրների միջեւ մշակութային եւ կրթական կապերի ամրապնդումը, նշեցին, որ միությունը նախաձեռնել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք նախատեսում են նաեւ այցելություններ Իրանում հայկական հոգեւոր պատմամշակութային օջախներ: Հյուրերն ընդգծեցին, որ պատրաստ են աջակցել Իրան-Հայաստան հարաբերությունների շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած ծրագրերին: Պատվիրակության սփյուռքահայ անդամները ներկայացրեցին նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության հայեցակարգի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները: 27.05.2009թ.

No comments: