Thursday, May 28, 2009

Ստամբուլում հայերը և թուրքերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները

Tert.am. 27-5-2009- Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվում է երկօրյա սեմինար, որին մասնակցում են թուրք և հայ վերլուծաբաններ։ Նման նախաձեռնության հեղինակն է Թուրքիայի Քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների հիմնադրամը։ Սեմինարների ընթացքում մասնակիցները քննարկելու են երկու երկրների միջև ստորագրված «Ճանապարհային քարտեզ» համաձայնագիրը՝ ուղղված երկկողմանի հարաբերությունների բարելավմանը։ Սեմինարի ընթացքում նաև քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Թուրքիական Hurriyet-ի հաղորդմամբ՝ Քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտության հիմնադրամի կողմից նախաձեռնած երկօրյա սեմինարներից առաջինը կայացել է երեկ։ Առաջին օրվա քննարկումներից հետո երկու կողմի վերլուծաբանները համաձայնել են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև համերաշխության ձեռքբերման գործընթացի առաջընթացն այժմ ավելի է մշուշոտ է թվում, քան երկու ամիս առաջ՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան։ Հայկական կողմի ներկայացուցիչները մեկ անգամ ևս բարձրաձայնել են իրենց հիասթափությունը սահմանի փակ լինելու համար, իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, ապա հայ մասնակիցների համաձայն՝ թուրքերը պարզապես դարձել են ադրբեջանցիների գերիներ։ Թուրքական կողմը, ըդնահակառակը, փորձել է մեղմել Էրդողանի հայտարարությունները՝ խուսափելով գործածել «նախապայման» եզրը։ Թուրքիայի կողմից մեկ մասնակից ընդգծել է, որ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման նախաձեռնություններն ուղղված չեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ բխում են երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական ուղեգծից, որը հիմնված է «Զրո խնդիրներ հարևանների հետ» կարգախոսի վրա։ Այդ մասնակցի համաձայն՝ «Թուրքիան ցանկանում է վերացնել անոմալիաները և վերամիավորվել իր հարևանների հետ»։ Սակայն հայկական կողմը միակարծիք էր Հայաստանի կառավարության այն դիրքորոշման շուրջ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում չպետք է լինի ոչ մի նախապայման։ Հայ մասնակիցներից ընդամենը մեկը նշել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ նախքան հարաբերությունների բարելավման գործընթացի մեկնարկը։Թուրքական կողմի մասնակիցները, սակայն, տարակարծիք են եղել երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Չնայած դրան, թուրք մասնակիցներից ոմանք համաձայնեցին հայ գործընկերների այն կարծիքի հետ, որ եթե երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման գործընթացը դառնա ԼՂ հակամարտության գերի, ապա երկկողմանի բանակցություններում ոչ մի առաջընթաց չի արձանագրվի։

No comments: