Thursday, May 28, 2009

ՔԱՐԻ ՊԵՍ ԱՄՈՒՐ ԲՌՈՒՆՑՔ

«ԱԶԳ», 28-05-2009 - Սարդարապատի հերոսամարտը եղել է հայ ժողովրդի նորագույն պատմության նորագույն Ավարայրը: Վտանգներով լեցուն այս շրջանում պահպանել ամեն հայի համար սուրբ այս օրրանը` Արարատյան դաշտավայրը, եղել է պարզապես հերոսություն: Սարդարապատի ճակատամարտում հայերը նահանջելու տեղ չունեին, հակառակ դեպքում Հայաստան բառը կնշանակեր հին աշխարհագրական տերմին: Հայ ժողովուրդը դարեր ի վեր ապրել է հայկական լեռնաշխարհում` իր պատմական հայրենիքում: Չգիտես թե որ չգրված օրենքի համաձայն, պատմական գրեթե բոլոր ժամանակներում այս ժողովրդի գլխին կախված է եղել ձուլվելու կամ ոչնչանալու վտանգը, որը 1918 թ. ձեռնարկված թուրքերի ամենավտանգավոր վերջին փորձն էր: Սարդարապատի հերոսամարտը այն պատերազմներից էր, որ ավարտվեց հաղթանակով: Չէ՞ որ Սարդարապատն այն կետն էր, որտեղ կարող էր իրականանալ թուրքերի վաղեմի երազանքը` հայերի բնաջնջումը: Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը հայ ժողովրդի զանգվածների համառ կամքի եւ հաղթելու կարողության փայլուն դրսեւորումն էին: Հաղթեցին մեր հերոսները, որովհետեւ հայ կամավորական գնդերը միավորվելով` վերածվել էին կայուն բանակի, հայ ճանաչված հերոսների եւ ցարական բանակում հմտացած սպաների ուժերով: Հայերի վճռականությունը հասկանալ տվեց թուրքին, որ այս ժողովուրդն այլեւս չի խոնհարվի վայրագ ու դաժան հակառակորդի առաջ: Ալեքսանդրապոլ-Սարդարապատ-Երեւան ուղղությամբ հարձակվող թուրքական խմբավորման մեջ մտնում էր 36-րդ հետեւակային «Գելիբոլու» դիվիզիան, որը կազմված էր երեք հետեւակային եւ մեկ հրետանային գնդից` 40 հրանոթով, հարվածային եւ սակրավոր մեկական գումարտակ, հեծյալ գունդ, քրդական կանոնավոր հեծելազոր, բաշիբոզուկներ: Այդ ուժերը միասին չէին անցնում 4000-5000 հոգուց: Թուրքական այդ զորախմբի դեմ պիտի մարտնչեր հայկական զորքերի այսպես կոչված Ալագյազի զորախումբը, որի մեջ մտնում էին երկու հետեւակային բրիգադ` Երզնկայի, Էրզրումի, Խնուսի, Ղարաքիլիսայի գնդերով: Յուրաքանչյուր գնդում կար մոտ 300-400 զինվոր, որը նախատեսվածից քիչ էր: 1918-ի մայիսի 21-ին թուրքական 36-րդ դիվիզիայի առաջապահ զորամասերը մոտեցան Սարդարապատ գյուղին: Երեւանում եւ մոտակա գյուղերում խուճապ սկսվեց: Գեներալ Նազարբեկյանը, որը շտաբով գտնվում էր Ղարաքիլիսայում, հայկական երկրորդ հրաձգային դիվիզիայի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին հրամայեց Էջմիածնի շրջանում անցնել հակահարձակման եւ կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երեւան: Գեներալ Սիլիկյանն ընդունեց միանգամայն ճիշտ ու մտածված որոշումներ` ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին: Բաշ-Ապարանի կողմից Երեւանի վրա հարձակվող թուրքերի դեմ նա առանձնացրեց գնդապետ Դոլուխանյանի 6-րդ հրաձգային գունդը, գնդապետ Զալինյանի պարտիզանական հեծյալ գունդը եւ գնդապետ Սիլինի սահմանապահ գումարտակը: Երեւանին վտանգ էր սպառնում նաեւ Կողբի եւ Իգդիրի կողմից, որտեղից առաջ էին շարժվում թուրքական 5-րդ եւ 12-րդ դիվիզիաները: Սիլիկյանը կարգադրեց պայթեցնել Ղարղալայի եւ Մարգարայի կամուրջները, Արաքսի ձախ ափին խրամատներ կառուցել եւ թույլ չտալ թշնամուն անցնել գետը: Իրականում իրավիճակն այդպիսին էր, եւ նահանջի մասին մտածել անգամ չէր կարելի, պետք էր հաղթել կամ մեռնել: Մայիսի 19-ին թուրքական 36-րդ Կովկասյան դիվիզիան ներխուժեց Արարատյան դաշտ եւ մայիսի 20-ին գրավեց Արաքս կայարանը, որն ընկած էր Ալեքսանդրապոլ-Երեւան երկաթգծի վրա` Սարդարապատից 10 կմ հեռու: Մայիսի 20-ին գեներալ Մ. Սիլիկյանն իր տեղակալի` փոխգնդապետ Վեքիլյանի հետ մշակեց գործողության պլան, որի իրականացումը հանձն էր առել գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանը: Ռազմաճակատը ձգվում էր Արաքսից մինչեւ Արագած լեռան փեշերը եւ Բաշ-Ապարան: Ապահովելով թեւերի պաշտպանությունը` գեներալ Մ. Սիլիկյանն իր լավագույն ուժերը տեղափոխեց կենտրոնական ճակատ` Էջմիածնի մոտակայք: Մայիսի 21-ի ուշ երեկոյան թուրքական 36-րդ դիվիզիան գրավեց Սարդարապատ գյուղն ու կայարանը: Շարունակելով հարձակումը` թուրքերը գրավեցին Վերին Խերիբեկլու գյուղը եւ մոտեցան Ղամշլուՙ «Եղեգնուտ» կիսակայարանին` Երեւանից 20 կմ հեռավորության վրա: Սակայն կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը` 10 հրանոթ, որը նախօրոք տեղավորվել էր Արդալար գյուղի մոտ, անսպասելիորեն կրակ բացեց եւ հարկադրեց թուրքերին գամված մնալ տեղում: Մայիսի 22-ին հայկական զորամիավորումները երկու ուղղություններով թիկունքից հակահարձակման անցան Քյորփալու եւ Ղարդուղուլի գյուղերի բնագծերից, եռանդուն գրոհով Ղամշլու գյուղի շրջանում ոչնչացրին թշնամուն: Հակահարձակման դիմած զորամիավորումների մեջ էր հայկական հետեւակային 5-րդ գունդը, որի հրամանատարն էր Պավել Բեկ-Փիրումյանը` գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հորեղբորորդին: Կիլիկիայի ապագա կաթողիկոս, արքեպիսկոպոս Գարեգին Հովսեփյանը նրանց մկրտել էր «Մահապարտների գունդ» անունով: Գունդը ուժեղացված էր շրջակա գյուղերից հավաքված մոտ 500 կամավորներով, որոնց հավաքագրել էին Եզնիկ եւ Թադեւոս եպիսկոպոսները եւ Գրամփա գյուղի քահանա Հովհաննես Տեր-Մկրտչյանը: Հարձակվողների թվում էին նաեւ գնդապետ Դոլուխանյանի 6-րդ գունդը, փոխգնդապետ Պերեկրյոստովի պարտիզանական հետեւակային գունդը, Իգդիրի եւ Խնուսի հետեւակային գնդերը: Այդ օրը` մայիսի 22-ին, ամբողջությամբ ոչնչացվեց թուրքական «Գելիբոլու» դիվիզիայի երկու վաշտ` շուրջ 500 ասկյար: Շատ թուրք սպաներ, ձեռքերը բարձրացրած, գթություն էին հայցում, գոչելով, որ իրենք Թրակիայից են ու մասնակից չեն եղել Հայոց եղեռնին: Կեսօրից հետո հայ զինվորները դիպուկ կրակով շարքերից հանեցին ջրհան կայանը` 30 աստիճան շոգի պայմաններում թուրքերին զրկելով ջրի միակ աղբյուրից: Մայիսի 22-ի երեկոյան հայ զինվորները հետ գրավեցին Սարդարապատ գյուղն ու կայարանը: Հինգ ժամվա ընթացքում թուրքերը նահանջեցին 15-20 կմ եւ դիրքերն ամրապնդեցին Արաքս կայարանից 5-6 կմ հյուսիս-արեւելք: Տեսնելով թշնամու հապճեպ փախուստը, Գեներալ Սիլիկյանը ցանկանում էր թշնամուն հետապնդել եւ հետ վերցնել Ալեքսանդրապոլը, անգամ այդ մասին նոր կոչ էր ուղղում ժողովրդին: Սակայն մայիսի 30-ին Երեւան ժամանած գեներալ Թ. Նազարբեկյանն արգելեց այդ հարձակումը եւ հրամայեց դադարեցնել կռիվները: Թ. Նազարբեկյանի հրամանին ըմբոստացավ Դանիել Բեկ-Փիրումյանը` ասելով, որ ինքը չի կարող կատարել այդ կործանարար հրամանը եւ հրամայել հաղթական զինվորներին` նահանջել արյան գնով նվաճած հողից: Հաղթանակը կատարյալ էր: Գեներալ Մ. Սիլիկյանը հաղորդում է գլխավոր շտաբ, որ զորքերի ոգին մարտական է, զինվորները պատրաստ են մարտի գնալու: Հաղթանակի առթիվ Գեւորգ 5-րդ կաթողիկոսը Էջմիածնում հանդիսավոր պատարագ մատուցեց: Մայիսի 22-29, ութ օր շարունակ, Արագածի լանջերից մինչեւ Արաքս, Սարդարապատից մինչեւ Սեւան, գիշեր-ցերեկ անդադար ղողանջում էին բոլոր եկեղեցիների զանգերը: Սարդարապատը բախտորոշ գոյամարտ էր, որտեղ ինքնապաշտպանության գերագույն մղումով ոտքի էր ելել հայ ժողովուրդը: «Բռունցքը սեղմելու սահման ունի, որից հետո դառնում է քարի պես ամուր: Սարդարապատում թուրքերը դեմ առան հայ ժողովրդի քարի պես սեղմված բռունցքին»,- գրել է Հ. Թուրշյանը: Այդ կռիվները հայերին ստիպեցին չափազանց թանկ վճարել, քանի որ դրանք հանգեցրեցին այլ արժեքների ոչնչացմանը: Արժեքներ, որոնք նվազ անհրաժեշտ չեն մի ազգի համար, որն ուզում է գոյություն ունենալ եւ խուսափել կործանումից: Հայրենիքը կարող է ամեն ինչ տալ` հաց, ջուր, բայց չի կարող ինքն իրեն պաշտպանել: Երկրին զինվորներ են անհրաժեշտ, այնպիսի զինվորներ, ինչպես, օրինակ, գեներալներ Մովսես Սիլիկյանը, Քրիստափոր Արարատյանը, Դմիտրի Միրիմանյանը, գնդապետներ Աղասի Վարոսյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը, Հարություն Հակոբյանը եւ այլք: Այսպիսի առյուծածին հերոսներ միշտ մեր իրականության մեջ հայտնվում են ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, որի վառ օրինակներից են դարավերջյան մեր հաղթանակները: Բայց շատ ցավալի է, որ այս հերոսների կողքին մարտնչող շատերը կարող են անհայտ մնալ մեզ համար ու փոշիանալ պատմության փակ էջերում: ԶԱՐԻՆԵ ԹՈՐԳՈՄՅԱՆ

No comments: