Lragir 28-5-2009- Ազգային տոներին, ինչպիսին օրինակ մայիսի 28-ն է, հաճախակիանում են եւ բարձր են հնչում խոսակցությունները ազգային միասնության, համախմբվածության եւ այդօրինակ այլ հասկացությունների մասին, որոնք աշխատանքային օրերին էլ քիչ չեն ու ցածր չեն: Միասնությունն ու համախմբվածությունը լավ բան են: Հետեւաբար դրա մասին խոսողներն էլ լավ բան են ասում: Բայց կան մի քանի բաներ, որոնք ունեն պարզաբանման կարիք, որովհետեւ շատ հաճախ այդ ասվող լավ բաների տակ իրականում կատարվում են շատ վատ բաներ: Ինչի շուրջ պետք է լինի ազգի կամ ժողովրդի, կամ հասարակության միասնականությունը եւ համախմբվածությունը: Օրինակ, երբ պատերազմ է, ապա այդ ամենը լինում է հակառակորդի, այսինքն արտաքին թշնամու դեմ: Ազգը, ժողովուրդը, հասարակությունը, չնայած դասակարգային եւ գաղափարական տարաձայնություններին, համախմբվում է եւ միասնական կռիվ տալիս թշնամու դեմ: Ինչի շուրջ պետք է ազգը, ժողովուրդը կամ հասարակությունը միասնականանա եւ համախմբվի խաղաղ պայմաններում: Ասում են, որ այդ ամենը պետք է տեղի ունենա հզոր պետականության գաղափարի շուրջ, որպեսզի թույլ չտանք, որ ներքին ու արտաքին մարտահրավերները քանդեն երկիրը: Իսկ ինչ է նշանակում հզոր պետականություն: Հզոր պետականությունը, եթե չի մանրամասնվում, վեր է ածվում աբստրակտ հասկացության, որը դառնում է կոնկրետ ստրկատիրության վահան, ինչով էլ պաշտպանվում է տվյալ ժամանակի իշխանությունն իր գաղափարական եւ դասակարգային հակառակորդներից կամ մրցակիցներից: Հետեւաբար պետք է հասկանալ, թե որն է հզոր պետականությունը, որի կերտման գաղափարի շուրջ էլ փորձում են միավորել ազգը, ժողովրդին կամ հասարակությանը: Այստեղ է, որ մեզ համար, այսինքն հայաստանցիների համար, առաջանում են լուրջ խնդիրներ: Միասնականության եւ համախմբվածության քարոզիչները չեն ցանկանում մանրամասնել այդ հզոր պետականություն ասվածը: Երբ որեւէ մեկը նրանց ասում է մարդու իրավունք, ազատություն, ազատ խոսք, ազատ մամուլ, նրան հակադարձում են, թե հիմա դրա ժամանակը չէ, քանի որ հզոր պետականություն պետք է կառուցենք: Այսինքն, մարդու իրավունքը, ազատությունը, ժողովրդավարությունը չեն դիտվում հզոր պետականության կառուցման նյութ: Դրանք դիտվում են որպես արտաքին մարտահրավեր, որին պետք է գլխով անել, սակայն բռունցքով կամ մահակով խփել, եթե մոտենա: Փոխարենը հզոր պետականության կերտման գործընթացի ճանապարհին առարկայական դրսեւորումներ է ստանում բիզնեսմեն, կալվածատեր եւ ճորտատեր իշխանավորի կերպարը, որն ինքն իրեն նույնացնում է հզոր պետականության կամ դրա ճանապարհի հետ եւ հասարակությունից կամ ազգից պահանջում է համախմբվել իր շուրջ: Պարզ է որ մարդը, քաղաքացին, եթե կարողանում է համարժեք գնահատել իրավիճակը, երբեք չի կարող միասնական լինել այդօրինակ կերպարի հետ, տեսնելով, որ այդ կերպարի տվյալ կարգավիճակն ու բովանդակությունը բացարձակապես աղերս չունի այն օրենքների հետ, որոնք գրված են պետականություն կառուցելու նպատակով: Միասնականության եւ համախմբվածության հիմքը կարող է լինել օրենքը, եթե այն հավասար լինի եւ կիրառելի բոլորի համար: Միասնականության եւ համախմբվածության խթան կարող են լինել նաեւ անօրենները: Այսինքն, ազգը, ժողովուրդը, հասարակությունը, կարող են համախմբվել եւ միասնականանալ անօրինությունների դեմ: Հզոր է այն պետականությունը, որտեղ գրեթե չկան կամ բացառություններ են կազմում անօրեններն ու անօրինությունները, առավել եւս այդ պետականության վերնախավի շրջանում, որն օրինակ է բոլորի աչքի առաջ: Հետեւաբար, միասնականության եւ համախմբվածության իշխանական կոչերի հեղինակներին թերեւս հարկ է այդ էներգիան եւ միտքը, եթե այն կա, ուղղել երկրում օրինականության ապահովմանը: Այդ դեպքում իրենք էլ չեն նկատի, թե ինչպես է ազգը, ժողովուրդը կամ հասարակությունը դառնում միասնական: Միասնականությունը ֆիզիկական հասկացություն չէ, ինչպես իրենք են պատկերացնում, ու ոչ էլ մտավոր: Միասնականությունը հոգեվիճակ է, երբ հասարակությունը հասնում է այն համոզման, որ հնարավորությունները, իրավունքներն ու պարտականությունները, օրենքը բոլորի համար հավասար են, ու մնացյալն արդեն կախված է ամեն անհատի ընդունակություններից եւ աշխարհընկալումներից:
Thursday, May 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment