
Մայիսի 5-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևային՝ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ:
Ողջունելով տիկ. Մեդվեդևայի այցն ամենայն հայոց հոգևոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր եղբայրական կապերին և երկրների սերտ համագործակցությանը: Նորին Սրբությունը գնահատանքով փաստեց, որ երկու երկրների նախագահների տիկինները համատեղ կրթական ու մշակութային ծրագրերով կարևոր նպաստ են բերում երկու ժողովուրդների ջերմ հարաբերությունների զարգացմանն ու առավել զորացմանը:
Իր հերթին ՌԴ առաջին տիկինն ուրախություն հայտնեց Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի, ինչպես նաև Հայաստանին և հայ ժողովրդի հոգևոր ժառանգությանը ծանոթանալու առիթով:
Հանդիպմանը նշվեց Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական կապերի և տարբեր ոլորտներում համագործակցության, երկու Հովվապետերի ջերմ հարաբերությունների մասին: Անդրադարձ կատարվեց նաև ժողովրդի կյանքում Եկեղեցու կարևոր դերակատարությանը և իշխանությունների կողմից այդ առաքելության իրագործման մեջ Եկեղեցուն ցուցաբերվող աջակցությանը:
Հանդիպման ավարտին Նորին Սրբության ուղեկցությամբ հյուրերը Վեհարանի թանգարանային սրահներում ծանոթացան Հայ Եկեղեցու գանձերի և սրբությունների հետ: Ապա այցելեցին Մայր Տաճար, եղան Տաճարի թանգարանում: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից: Հայաստանի եւ Ռուսաստանի առաջին տիկիններն այսօր այցելել են Ցեղասպանության հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմար կրակի մոտ:
No comments:
Post a Comment