Tert.am. 27-5-2009- Երեկ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի գլխավորությամբ շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի հայցի քննությունը։ Ներկայացնենք հատվածներ օրաթերթի անդրադարձից:
Քոչարյանների ընտանիքում բոլո՞րն են զեղծարար...
«... Հայցվոր կողմը չներկայացրեց որևիցե փաստաթուղթ, որ Լ. Քոչարյանը իր իրավունքի վերականգնման համար վճարել է իր պաշտպաններին։ Չներկայացրեցին նաև հիմնավոր բարոյական վնասի հաշվարկը, թե ինչու 16 միլիոն 120 հազար, այլ ոչ ավելի շատ կամ քիչ»,- մեզ հետ զրույցում նշեց «ՀԺ»-ի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ու հավելեց. «Դատարանն էլ թույլ չտվեց, որպեսզի մենք դիվանագիտական ճանապարհով փորձենք ճշտել՝ նման փաստ եղե՞լ է, թե՞ ոչ»... Իսկ ամենազավեշտալին այս պատմության մեջ այն է, որ հայցվոր կողմը երիտասարդ թոշակառու Քոչարյանի զավակին ջրից չոր դուրս բերելու համար ներկայացրել է միանգամից երկու անձնագիր. մեկը՝ սովորական, մյուսը՝ դիվանագիտական, այն դեպքում, երբ Քոչարյանի որդին նախորդ տարվանից իրավունք չունի ունենալ դիվանագիտական անձնագիր։ Սա, ըստ Տ. Աթանեսյանի, ժամանակին կլինի նաև դատավճռի բողոքարկման հիմք։ Մյուս կողմից՝ այս փաստն այնքան էլ չպետք է զարմացնի հասարակությանը՝ հաշվի առնելով այն, որ դեռևս 1998թ. Ռ. Քոչարյանը կեղծ հաշվառման տեղեկանքով գրանցվել է որպես նախագահի թեկնածու։«Հունիսի 5-ին կհրապարակվի վճիռը, որը ես չեմ կասկածում, որ կբավարարի հայցապահանջը։ Դա մեծագույն հարված կլինի ազատ մամուլին, կդառնա նախադեպ, և երբ մենք ստանանք դատավճիռը, և այն լինի այնպիսին, ինչպիսին արդեն սպասում ենք, անպայման կբողոքարկենք»,- նշեց Տ. Աթանեսյանն ու ընդգծեց, որ ցանկացած պարագայում Հայաստանում ոչ ոք չի կարող լռեցնել ազատ խոսքը։
Wednesday, May 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment