«Երկիր» 27-5-2009- Երեւան (Երկիր) - Թուրքիայի հայկական, հունական եւ հրեական համայնքները արձագանքել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը` թե Թուրքիայից ժամանակին «արտաքսվել են տարբեր էթնիկական ծագում ունեցողներ»: «Մի՞թե մենք շահեցինք այդ ամենից: Դա ֆաշիզմի դրսեւորում էր»,- հայտարարել էր Թուրքիայի վարչապետը: Իր ելույթում նա հիշատակել էր 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում հայերի եւ հույների դեմ իրականացված զազրելի հանցագործությունները, երբ հրկիզվել ու թալանվել էին բազմաթիվ եկեղեցիներ, տներ, սպանվել մարդիկ:
Այս կապակցությամբ, ըստ «Նոյյան տապանի», Ստամբուլի Հունաց պատրիարքարանի մամուլի խոսնակը «Միլիեթ» օրաթերթին տված հարցազրույցում Էրդողանի հայտարարությունը որակել է որպես «համարձակ մոտեցում»` ավելացնելով. «Վարչապետի խոսքերն իրոք շատ գեղեցիկ են: Սակայն քաղաքականությունը միայն համարձակ խոսքերով չէ, որ իրականացվում է: Անհրաժեշտ են կոնկրետ քայլեր»:
Հրեական համայնքի առաջնորդ Սիլվիո Օվադայը հայտարարել է. «Հանրապետության հռչակման սկզբնական շրջանում Թուրքիայի հրեական համայնքը 60 հազար մարդուց էր բաղկացած, իսկ ներկայումս մնացել է 20 հազարը: Նշանակում է` դա ունի իր պատճառները: Իսկ հույները 400-500 հազար էին, այսօր` 2 500 մարդ: Բնականաբար, հանրապետության շրջանում տեղի ունեցած այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք էին` Թրակիայի իրադարձությունները, ունեցվածքի հարկը, սեպտեմբերի 6-7-ը տեղի ունեցած դեպքերը, պատճառ դարձան, որպեսզի մեծ թվով ոչ մահմեդականներ հեռանան Թուրքիայից: Վարչապետը ճշմարտությունն է ասել»:
Իսկ «Ակոս» շաբաթաթերիթի հոդվածագիր Բագրատ Էստուկյանը, հայտարարելով, թե լրջորեն է մոտենում Էրդողանի խոսքերին, միեւնույն ժամանակ նշել է, որ Թուրքիայի վարչապետը հակասում է ինքն իրեն. «Մեր վարչապետը ճիշտ բաներ է ասում: Սակայն շատ ցավալի է, որ նրա ասածները հակասում են իրար: Քանի որ դարձյալ մեր վարչապետը մոտ մեկ շաբաթ առաջ խոսում էր Թուրքիայում անօրինական աշխատող հայաստանցիներին արտաքսելու մասին»:
Բագրատ Էստուկյանը հիշեցրել է նաեւ ամիսներ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի սկանդալային հայտարարությունը. «Կկարողանայի՞նք, արդյոք, ստեղծել ազգային պետություն, եթե Թուրքիայում մնային հայերն ու հույները»:
Ստամբուլի Հայոց պատրիարքարանի մամուլի խոսնակ Լուիզ Բաքարն էլ Էրդողանի խոսքերի առնչությամբ հայտարարել է, որ «թեման քաղաքական է, իսկ պատրիարքարանը երբեք տեսակետ չի հայտնում քաղաքական թեմաների կապակցությամբ»:
Wednesday, May 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment