Tert.am. 27-5-2009- Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել «Տարիել և որդիներ», այնուհետև նաև «Ֆլեշ» ընկերություններից ստացված դիմումների հիման վրա, համաձայն որոնց, «Հարավկովկասյան երկաթուղին» բեռնափոխադրումների դրույքաչափերը բարձրացրել էր։ Նոր դրույքաչափերը ընկերությունների համար խնդիրներ էին առաջացրել։
Հանձնաժողովի մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության համաձայն, վարույթի ընթացքում «Տարիել և որդիներ» ընկերությունը Հանձնաժողովին հայտնել է, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ ձեռք է բերվել համաձայնություն բեռնափոխադրումների սակագների վերաբերյալ, ուստի հրաժարվում են դիմումից։ Վարույթը շարունակվել է։
Վարույթի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» ներկայացրել է տեղեկատվություն, համաձայն որի, ընկերության կողմից 2008 թ. 3-րդ եռամսյակում բեռնափոխադրումներից ստացված շահույթը ներկայացվել է բացասական մեծությամբ։ Տվյալների հավաստիությունը ստուգելու նպատակով Հանձնաժողովի կողմից նշանակվել է ստուգում, որի արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից Հանձնաժողով է ներկայացվել սկզբնական հաշվառման փաստաթղթերին, ֆինանսական հաշվետվություններին չհամապատասխանող տեղեկատվություն, քանի որ ընկերությունում ուղեւորա և բեռնափոխադրումների առանձնացված հաշվառում ըստ ինքնարժեքի ծախսային հոդվածների չի տարվում։ Ստուգման արդյունքում կազմվել է ակտ, որում արձանագրվել է ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու փաստը։ Այն ստորագրվել է ընկերության ղեկավարության կողմից և դրա վերաբերյալ ընկերությունը առարկություններ չի ներկայացրել։
Այնուհետև վարույթի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» ներկայացրել է գրություն, համաձայն որի, սահմանվել են նոր սակագներ. ընկերությունը արտահանման դեպքում կիրառվող բեռնափոխադրումների սակագներն իջեցրել է 32-40 տոկոսով, իսկ բեռնարկղներով կատարվող փոխադրումների սակագները` 12.16 տոկոսով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հարավկովկասյան երկաթուղին» շարունակում է վնասով աշխատել, որ բեռնափոխադրումների իրականացման ծախսերի առանձնացված հաշվառում ըստ ինքնարժեքի ծախսային հոդվածների չի կատարում և այն փաստը, որ վարույթի ընթացքում չհիմնավորված գնի մասին վկայող հանգամանքներ չեն հայտնաբերվել, ինչպես նաև այն, որ բեռնափոխադրումների կիրառվող սակագները վերանայվել և իջեցվել են.
Հանձնաժողովը որոշեց դադարեցնել հարուցված վարչական վարույթը։ Հանձնաժողովը դիմել է ընկերությանը` ներդնել ուղևորա և բեռնափոխադրումների ծախսերի առանձնացված հաշվառման համակարգ։ Միևնույն ժամանակ, ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար Հանձնաժողովն այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը նախազգուշացում հայտարարեց։ Ստուգման արդյունքները կտրամադրվեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը։
Wednesday, May 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment