Tert.am.16-6-2009- Ռուսաստանը ցույց տվեց, որ պատրաստ չէ անվերապահորեն սատարել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ժամանակ չի գտել դեմ առ դեմ հանդիպելու իրանցի գործընկերոջ հետ, չնայած և Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին բոլորը ժպտում էին իրանցի հյուրին։ Դա նշանակում է, որ Կրեմլը փոխում է իր վերաբերմունքը Իրանի նկատմամբ, կարծում են փորձագետները։
Օտարազգի հյուրերից Իրանի առաջնորդը պետք է առաջինը հանդիպեր Ռուսաստանի նախագահի հետ։ Խոսակցությունը պետք է տևեր մոտ մեկ ժամ։
Երբ իրանցի հյուրին պատրաստվում էին դիմավորել Ուրալի մայրաքաղաքի օդանավակայանում, պարզվեց, որ Ահմադինեժադը երկրում բռնկված անկարգությունների պատճառով մեկ օրով հետաձգեց իր այցը. նա ժամանեց երեքշաբթի առավոտյան՝ մոտավորապես ժամը ութի սահմաններում։
Ռուսական պատվիրակության աղբյուրները պարզաբանել են, որ Մեդվեդևի և Ահմադինեժադի երկկողմանի բանակցությունները հետաձգվել են Ռուսաստանի նախագահի խիտ աշխատանքային օրացույցի պատճառով, և այսօր նա հանդիպման համար ժամանակ չունի։
Երկու նախագահների շփումը սահմանափակվել է ձեռքսեղմումով և արարողակարգային լուսանկարով։ Երկուսն էլ ժպտում էին։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի նախագահի կայքը, նախագահների կարճատև հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են տնտեսական և հումանիտար համագործակցության, ինչպես նաև կապերի ընդլայնման շուրջ։ Մամլո հաղորդագրությունում, սակայն, ասվում է, որ հանդիպումը կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում։ Ոչ մի հավելյալ մանրամասներ չեն հաղորդվում։
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն, Ահմադինեժադի դիրքը ՇՀԿ-ի գագաթաժողովին փորձագետները անսպասելիորեն ոչ կայուն են համարել, չնայած և Ռուսաստանի արտգործնախարարությունը ողջունել է իրանցի առաջնորդի այցը Եկատերինբուրգ։ «Իրականում Ահմադինեժադից գոհ չէ ոչ միայն Մեդվեդևը։ Նրանից դժգոհ են ռուսական իշխող էլիտայում, քանի որ Իրանը բավական հաճախ է փորձել օգտագործել Ռուսաստանին իր շահերն առաջ տանելու համար։ Թեհրանը մշտապես հավակնություններ է ներկայացրել Մոսկվային, թե ինչու վերջինս իրեն բավարար չի օգնում։ Ի պատասխան դրան՝ Ահմադինեժադը պետք է վաղ թե ուշ լսեր՝ «իսկ ո՞վ է օգնում Իրանին ավելին, քան Ռուսաստանը»,- այսպիսի կարծիք է հայտնել Համաշխարհային անվտանգության վաշինգթոնյան ինստիտուտի ռուսական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը։
Tuesday, June 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment