Tuesday, June 16, 2009

Ռուսաստանի նախագահը հանդիպում չի ունենա Ահմադինեժադի հետ

/PanARMENIAN.Net/ 16.06.2009 - Եկատերինբուրգում ՀՇԿ գագաթնաժողովի կազմակերպման կենտրոնակայանում հաղորդել են, որ նախկինում ծրագրված Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Մահմուդ Ահմադինեժադի երկկողմ հանդիպումը հետաձգվում է, հաղորդում է gazeta.ru-ն: Ինչպես մեկնաբանել են ռուսական պատվիրակության աղբյուրները, դա բացատրվում է ՀՇԿ եւ ԲՌՀՉ գագաթնաժողովների շրջանակներում Մեդվեդեւի աշխատանքի խիտ ժամանակացույցով: Նախագահների հանդիպումը սկզբնապես ծրագրվում էր երկուշաբթի օրը, սակայն Ահամադինեժադը կարողացավ Եկատերինբուրգ ժամանել միայն երեքշաբթի առավոտյան: Իրանի նախագահը ՀՇԿ գագաթնաժողովին հրավիրված է որպես դիտորդ: Մինչդեռ, այսօր առավոտյան Թեհրանում ձերբակալվել է Իրանի նախկին փոխնախագահ Մոհամեդ Ալի Աբթախին, ով ընտրությունների ժամանակ աջակցել է Միր Հոսեյն Մուսավիին: Իրանի ԿԸՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական արդյունքների համաձայն, հունիսի 12-ին կայացած Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տարել Մահմուդ Ահմադինեժադը` 62,6 տոկոս, Միր Հոսեյն Մուսավին հավաքել է միայն 33,7 տոկոս, Մոհսեն Ռեզային` 1,7 տոկոս, Մեհդի Քարուբին` 0,85 տոկոս:

No comments: