Tuesday, June 16, 2009

ԴԵ ՍՊԱՍԻՐ, ՈՒ ՏԵՍ

«Լրագիր» 15-6-2009- Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվել է բավական յուրօրինակ մի իրավիճակ, երբ թե իշխանությունը, ու թե ընդդիմությունը համարում են, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին: Իշխանությունը համարում է, որ ժամանակի ընթացքում Հայ Ազգային կոնգրեսը թուլանալու է, հետաքրքրությունը կոնգրեսի հանդեպ մարելու է, հասարակությունը դադարելու է հավատալ ու վստահել, թե կոնգրեսը կարող է հասնել երկրում օրինականության հաստատման, իսկ այդ ամենն էլ ի վերջո ապահովելու է իր հանգիստ գոյությունն առնվազն մինչեւ խորհրդարանի հերթական ընտրություն: Հայ Ազգային կոնգրեսն էլ համարում է, որ ժամանակի ընթացքում իշխանությունը կանգնելու է արտաքին խոստումները կատարելու անհրաժեշտության առաջ, սակայն չի կարողանալու դրանք կատարել, քանի որ չունի լեգիտիմություն եւ խոստումներն էլ չեն բխում Հայաստանի պետական շահից, ու անկարող լինելով այլեւս դիմադրել արտաքին ճնշմանը, ստիպված է լինելու ներքին ճնշմանն էլ տեղի տալ ու հեռանալ: Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի հայտարարեց, որ ժամանակը աշխատում է ընդդիմության օգտին: Այդպիսով, եթե վերջին տարիներին հայ հասարակությանը հուզում էր այն հարցը, թե ում օգտին է աշխատում ժամանակը Ղարաբաղի խնդրի առնչությամբ` Հայաստանի, թե Ադրբեջանի, ապա այժմ թերեւս հասարակությանը հուզող ժամանակի հարցը տեղափոխվում է ընդդիմության եւ իշխանության հարթություն: Ի վերջո, ում օգտին է աշխատում ժամանակը` ընդդիմության, թե իշխանության: Իշխանությունն ընդդիմությանն է ասում` “դե սպասիր, ու տես թե ինչպես ես մարելու կամաց-կամաց”, ընդդիմությունն էլ իշխանությանն է ասում ”դե սպասիր, թե ինչպես ես ձախողվելու կամաց-կամաց”: Մի պահ թողնենք այն, թե ում ձախողումը կամ ում հաջողությունն է, որ բխում է հասարակության ու պետության շահից: Կան մարդիկ, որոնք փիլիսոփայորեն կասեն, թե պետության շահից բխում է, որ հաջողություն ունենա թե ընդդիմությունը, թե իշխանությունը: Բայց այդ մոտեցումը թողնելով մեր ժամանակի պալատական մտավորականներին ու փորձագետներին, այդուհանդերձ այս հրապարակման շրջանում մի կողմ թողնենք այն, թե ում հաջողությունը կամ ձախողումն է հասարակության օգտին, եւ դիտարկենք միայն ժամանակի մեջ այս կամ այն կողմի շահելու հավանականությունը: Բայց դա էլ թերեւս ավելորդ զբաղմունք է: Բանն այն է, որ շահելու հավանականություն առկա է երկուստեք: Խնդիրն այն է, թե ժամանակի ընթացքում ինչ կանի ընդդիմությունն ու ինչ կանի իշխանությունը: Քաղաքականության մեջ չեն լինում հարյուր տոկոս կամ վերջնականապես պարտված վիճակներ, եթե իհարկե չի լինում անգործություն: Բայց տրամաբանական է նաեւ, որ գործելը ինքնին բավական չէ, պետք է նաեւ արդյունավետ կամ այսպես ասած ճիշտ գործել: Բայց դա էլ թերեւս բավարար չէ, որովհետեւ շատ կարեւոր է սխալ գործողություններից ճիշտ դասեր քաղելը, այսինքն սեփական սխալը գիտակցելն ու ընդունելը: Խրատելը կամ դատելն իհարկե հեշտ է: Բայց հեշտ է նաեւ սեփական անհաջողության պատասխանատվությունն արտաքին գործոնների վրա դնելը: Ի վերջո, ժամանակի ընթացքում շահելու հավանականությունը մեծ է նրա մոտ, ով սպասում է, բայց չի կորցնում ժամանակի զգացողությունն ու չի մնում մոտ կամ հեռու ինչ որ ժամանակի գերի:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: