«ԱԶԳ», 16-06-2009- Հայ-սիրիական հարաբերությունների մասին կարելի է երկար խոսել, քանի որ հազարամյակներ շարունակ իրար կողքի ապրող մեր երկու ժողովուրդները ոչ միայն տնտեսական, այլեւ մշակութային ու պատմական շփումներ են ունեցել, ինչը հարստացրել եւ հզորացրել է երկկողմ կապը: Պատմական հարաբերությունների ընթացքում հատկապես կարեւոր, հանգրվանային տեղ է զբաղեցնում 1915-ի Ցեղասպանությունը, երբ Սիրիայի արաբները մեծ դեր խաղացին Դեր Զորի անապատներում հայտնված հայերի փրկության գործում: Հետագայում եւս Սիրիայում հանգրվանած մեծաթիվ հայկական համայնքը լայն աջակցություն ու օգնություն էր ստանում այդ երկրի կառավարությունից: 1991-ին Հայաստանի անկախացումից հետո Սիրիայի Արաբական Հանրապետությունը առաջին երկրներից էր, որ ճանաչեց եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ: 90-ականների առաջին տարիներին, երբ Հայաստանը գտնվում էր քաղաքական, ռազմական եւ տնտեսական շրջափակման մեջ, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Հաֆեզ Ասադի հրամանով մեր երկիրը ստացավ ցորենի եւ ալյուրի մեծ պաշարներ, ինչը լուրջ օգնություն էր պարենային դժվարության մեջ գտնվող Հայաստանի համար: Հայ-սիրիական հարաբերությունների բարձրակետը կարելի է համարել 1995 թվականը, երբ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելեց Դամասկոս եւ Հալեպ, հանդիպում ունեցավ այժմ հանգուցյալ Հաֆեզ Ասադի հետ:
Թեեւ Հայաստանի երկրորդ նախագահը` Ռոբերտ Քոչարյանը Սիրիայում չի եղել, իսկ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը Դամասկոս է այցելել պաշտպանության նախարար եղած ժամանակ, սակայն հետագայում եւս կողմերի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել: Ինչ վերաբերում է սիրիական կողմին, ապա 1960-ական թվականներից Սիրիայում իշխող Հաֆեզ Ասադը առաջին անգամ Հայաստան է այցելել 1979-ին եւ հանդիպել խորհրդային հանրապետության ղեկավարության հետ: Սակայն նորանկախ Հայաստանի պատմության մեջ Սիրիայի նոր նախագահի` Հաֆեզ Ասադի որդի Բաշար Ասադի սպասվող այցն աննախադեպ է: Նկատենք սակայն, որ 2000-ից այդ երկրում իշխող Բաշար Ասադի ժամանակաշրջանում հայ-սիրիական հարաբերություններում որոշակի տարաբնույթ փոփոխություններ նկատվեցին: Մասնավորապեսՙ Սիրիայի Արաբական Հանրապետությունը Հայաստանում չունի արտակարգ եւ լիազոր դեսպան եւ այստեղ գործուղվել են միայն հավատարմատարներ: Ի պատասխան այս քայլի, պաշտոնական Երեւանը եւս 2004-ից Սիրիայից հետ կանչեց դեսպանին` Լեւոն Սարգսյանին, որից հետոՙ մինչեւ 2007-ի աշունը, այսինքնՙ Արշակ Փոլադյանի նշանակումը, մեր երկիրը փաստորեն նույնպես Դամասկոսում չուներ արտակարգ եւ լիազոր դեսպանի կարգավիճակի դիվանագետ: Նկատենք, որ նմանատիպ քայլ պաշտոնական Դամասկոսը կատարել էր դեռ 2002-ից, երբ Հայաստանից հետ կանչվեց դեսպան Համիդ Հասանին, դրանից հետո մինչ օրս Հայաստանում Սիրիան ներկայացված է միայն հավատարմատարի մակարդակով: 2006-ից Սիրիան Հայաստանի քաղաքացիների համար սահմանեց վիզային ռեժիմ: Նկատենք, որ նման կարգ արդեն Սիրիայի քաղաքացիների համար ավելի վաղ հաստատել էր պաշտոնական Երեւանը: Սակայն մեր երկրի այս քայլը պայմանավորված էր ՀԱՊԿ-ի շրջանակներում կնքված անվտանգության խնդիրներին առնչվող մի շարք պայմանագրերով եւ ուղղված չէր ոչ մի պետության, առավել եւս Սիրիայի դեմ: Այնուամենայնիվ, հարաբերությունների սառնության այս ժամանակաշրջանի ավարտն առաջինը ազդարարեց պաշտոնական Երեւանը, երբ Դամասկոսում նշանակվեց դեսպան` Արշակ Փոլադյանը: Իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցը, կարող ենք ասել, նոր էջ կբացի հայ-սիրիական հարաբերություններում:
Գաղտնիք չէ, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը Մերձավոր Արեւելքի կարեւորագույն երկրներից է, որը մեծ ազդեցություն ունի ոչ միայն այդ տարածաշրջանում, այլեւ ողջ արաբական եւ իսլամական աշխարհում, հետեւաբար Դամասկոսի հետ ամենաբարձր մակարդակով հարաբերությունների զարգացումը կարող է նպաստավոր լինել Հայաստանի համար: Առավել եւս, որ դրա համար կան ոչ միայն քաղաքական եւ տնտեսական շահերի համընկնում ու Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, Հալեպում ու մի շարք այլ քաղաքներում գործող հզոր հայկական համայնք, այլեւ պատմական անցյալի ընդհանրություն, ինչը երկու ժողովուրդներին մոտեցնում ու հասկանալի է դարձնում միմյանց: Կարող ենք պնդել, որ հայ-սիրիական հարաբերություններում չկա եւ ոչ մի կնճռոտ հարց, որը հնարավոր չլինի լուծել համատեղ բանակցությունների ընթացքում: Հետեւաբար ժամանակն է, որ հայ-սիրիական հարաբերությունները գործընկերային-բարիդրացիականից վերածվեն ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների: Երկու երկրները միաժամանակ կարիք ունեն միմյանց եւ շատ հարցերում միասնաբար գործելու դեպքում կարող են լուրջ դերակատարություն ստանձնել Մեծ Մերձավոր Արեւելք կոչվող տարածաշրջանում:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Tuesday, June 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment