Saturday, June 13, 2009

Հայաստանի «կռիշայի» կամ սիրելի Արևմուտքի մասին, մի՛ ակնկալեք

Tert.am. 12-6-2009- Մեր սիրելի Արևմուտքը, Սերժ Սարգսյանի հզոր հովանավորը կամ «կռիշան»՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այսպես այսօրվա հանրահավաքի ժամանակ բնութագրեց արևմտայն երկրների՝ Հայաստանի նկատմամբ ունեցած կեցվածքը։ «Մինչև բուն նյութին անցնելը, ուզում եմ ձեզ ներկայացնել մի հետաքրքիր դրվագ՝ եվրոպացի դիվանագետներից մեկի հետ վերջերս ունեցած իմ զրույցից։ Երբ դիվանագետը բազմիցս հավաստիացրեց, թե իր երկիրն անկեղծորեն շահագրգռված է օգնած լինել Հայաստանին, ես փորձեցի ճշտել՝ Հայաստան ասելով, նկատի ունի մեր երկրի իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդին։ Նա, անշուշտ, հասկացավ իմ ակնարկը, բայց դիվանագիտորեն ու մի փոքր նյարդայնացած կրկնեց, որ իր երկրին ուզում է օգնած լինել Հայաստանին։ Ամբողջ խնդիրն այն է, որ երրորդ աշխարհի երկրներին Արևմուտքը վերաբերվում է ոչ թե այդ երկրների ժողովուրդների շահերի, այլ նրանցում հաստատված ռեժիմների վարքագծի տեսակետից։ Հակառակ հռետորական դատարկաբանություններին, Արևմուտքի արտաքին քաղաքականության մեջ ժողովուրդ, ազատություն, արդարություն, ժողովրդավարություն հասկացությունները գոյություն չունեն։ Ամեն ինչ ենթարկվում է գեոպոլիտիկայի և տնտեսական շահերի տրամաբանությանը։ Երբ ռեժիմներն սպասարկում են այդ տրամաբանությանը, նրանք ստանում են Արևմուտքի անվերապահ աջակցությունը, անկախ այն բանից, թե ինչպիսի չարիքներ են գործում սեփական երկրներում։ Իսկ երբ այդ ռեժիմները խախտում են նշված տրամաբանությունը, նրանք Արևմուտքի կողմից ենթարկվում են խստագույն պատիժների։ Դժբախտությունն այն է, սակայն, որ երկու դեպքում էլ գլխավորապես տուժում են ժողովուրդները» - ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ընդդիմության առաջնորդը նշեց, որ այն, ինչ ասվեց երրորդ աշխարհի երկրների ռեժիմների և ժողովուրդների մասին, հավասարապես տարածվում է նաև Հայաստանի վրա։ «Արևմուտքը ոչ թե հայ ժողովրդի, այլ Հայաստանի հանցավոր վարչախմբի, այսինքն՝ մարդասպանների, ավազակների և ընտրակեղծարարների բարեկամն է, և որպես այդպիսին, ուղղակի մեղսակցություն ունի մեր երկրում տիրող ահավոր կոռուպցիայի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման երևույթների արմատավորման գործում։ Դա ապացուցելու համար հեռուն գնալու կարիք չկա։ Բավական է հիշել վերջին մեկուկես տարվա ընթացքում Արևմուտքի դրսեւորած վրդովեցուցիչ անտարբերությունը Հայաստանում տեղի ունեցող անօրինական ընտրությունների, ոստիկանական ու հարկային բռնությունների, քաղբանտարկյալների առկայության, ժողովրդավարական ազատությունների ոչնչացման աղաղակող փաստերի նկատմամբ, և դրա կողքին՝ նրա գորովալից ու հովանավորչական վերաբերմունքը Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի հանդեպ», - նշել է նա։ Իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև Ռուսաստանին. «Որոշ արևմտյան դիվանագետներ ու քաղաքական գործիչներ երբեմն մեր երեսով են տալիս, որ խստորեն քննադատելով Արևմուտքին, մենք ոչ մի կծու խոսք չենք ասում Ռուսաստանի մասին։ Բացատրեմ, թե ինչու։ Թե՛ նախագահական, թե՛ քաղաքապետարանական ընտրությունների ընթացքում Ռուսաստանը բացարձակապես չի խառնվել մեր երկրի ներքին գործերին. Ռուսաստանն, ի տարբերություն Արևմուտքի, երբևէ չի ասել, որ Հայաստանն արժանի է Սերժ Սարգսյանի պես նախագահի. և վերջապես, Ռուսաստանը ոչ մի անգամ մեր երկրում ժողովրդավարության հաստատմանն աջակցելու փարիսեցիական հավաստիացումներ չի տվել և իր մտադրությունները չի քողարկել «վեհ» նկատառումներով։ Հետևաբար, մենք Ռուսաստանին չենք քննադատում ոչ թե նրա նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու, այլ այն պատճառով, որ Հայաստանի պարագայում նրա խոսքի ու գործի միջև տարբերություն չենք նկատում»։ Կոնգրեսի առաջնորդն արտերկրներին վերաբերող ելույթի հատվածում ևս մեկ անդրադարձ է կատարել Արևմուտքին. «Մեկ տարուց ավելի անդադար խոսելով Արևմուտքի մասին, ես իմ առջև ոչ թե նրան դատապարտելու կամ խրատելու, այլ բոլորովին այլ խնդիրներ էի դրել, այն է՝1. որ հայ ժողովուրդը վերջնականապես թոթափի Արևմուտքի «արդարամտության» հետ կապված սին պատրանքները.2. որ Արևմուտքը հայ ժողովրդին ցածր ռասայի կամ ապուշի տեղ չդնի, ու իմանա, որ մենք ամեն ինչ հասկանում ենք.3. որ Արևմուտքի հանդեպ թերահավատությունը չտարածվի արևմտյան կամ համամարդկային արժեքների վրա, որոնց նկատմամբ հայ ժողովուրդը հավաստել է իր անսասան հավատարմությունը։ Ուստի ես ձեզ կառաջարկեի ո՛չ ակնկալիքներ ունենալ, ո՛չ էլ նեղանալ Արևմուտքից, այլ ընդունել այն, ինչպես որ կա, և նույնիսկ հումորով վերաբերվել նրան։ Մխիթարվենք, թերևս, այն իրականությամբ, որ իշխանությունների հանդեպ վստահության ճգնաժամը գուցե ավելի խորն է Եվրոպայում, քան Հայաստանում, և դրանով ընդհանրապես փակենք Արևմուտքի թեման։ Իմ կողմից խոստանում եմ՝ այլևս երբեք չանդրադառնալ այդ անհետաքրքիր թեմային», - ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

No comments: