Monday, June 15, 2009

Հավաքական անհամաձայնության արձագանքները

«ՀԵՏՔ» 15-6-2009- Հունիսի 14-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստը, որին մասնակցեցին կազմակերպության անդամ երկրների ղեկավարները: Նիստի գլխավոր նպատակն էր վերջնական պայմանագրային տեսք հաղորդել դեռ այս տարվա փետրվարին ՀԱՊԿ գագաթնաժողովում կայացրած որոշմանը` ստեղծել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժեր (ԱԱՀՈւ): Ինչպես հայտնի է, Արագ արձագանքման ուժերը նախատեսվում է օգտագործել ռազմական ագրեսիային դիմակայելու, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, վերազգային կազմակերպված հանցավորության, թմրավաճառքի դեմ պայքարի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելու նպատակով: Հավաքական ուժերի կեսը կհամալրի ռուսական օդային-դեսանտային դիվիզիան եւ հատուկ նշանակության գումարտակը, իսկ մասնակից մյուս երկրները հավաքական ուժերում կընդգրկեն հատուկ նշանակության գումարտակներ: ԱԱՀՈւ ստեղծման շուրջ, սակայն, կան մի շարք անհամաձայնություններ: Բելառուսի սահմանադրությունը, մասնավորապես, թույլ չի տալիս զինված ուժերն օգտագործել երկրի սահմաններից դուրս, իսկ Ուզբեկստանը դեռ փետրվարյան գագաթնաժողովին պայմանագիրը ստորագրեց վերապահումներով` համաձայնելով սեփական զինված ուժերը տրամադրել միայն առանձին դեպքերում եւ ոչ մշտական հիմունքներով: Վիճարկվող հարցերից ամենակարեւորը հավաքական ուժերի կիրառման որոշումների ընդունման մեխանիզմն էր: Ի սկզբանե սահմանվել էր որոշումներն ընդունել պարզ մեծամասնությամբ (7-ից 5-ը): Սակայն Ուզբեկստանի ջանքերով, ի վերջո, որոշվեց կիրառել կոնսենսուսի մեխանիզմը, ինչը նշանակում է, որ եթե պետություններից որեւէ մեկը դեմ լինի ուժերի կիրառմանը կոնկրետ իրավիճակում, որոշումը չի ընդունվի: Միաժամանակ հանվել է հայկական կողմի առաջարկությունը ԱԱՀՈւ կիրառման ժամկետների վերաբերյալ: Հայաստանի առաջարկությունը, մասնավորապես, կայանում էր նրանում, որ ԱԱՀՈւ կիրառման որոշումը պետք է կայացվեր ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի դիմումից հետո երեք օրվա ընթացքում: Գագաթնաժողովի արդյունքում ստորագրված պայմանագրի տակ այդպես էլ չդրվեցին Ուզբեկստանի եւ Բելառուսի նախագահների ստորագրությունները: Առաջինն ուներ «մի շարք կասկածներ», թեեւ չի բացառվում, որ Տաշքենդը հետագայում միանա պայմանագրին, իսկ Բելառուսի նախագահը պարզապես չէր եկել: Դրա պատճառը ռուս-բելառուսական հարաբերություններում վերջերս արձանագրված սրումն է, որն արդեն իսկ հասցրել է վերլուծաբանների կողմից ստանալ «կաթնային պատերազմ» անվանումը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանն արգելք է դրել Բելառուսից շուրջ 1200 անուն կաթնամթերքի ներկրման համար` պատճառաբանելով, որ բելառուսական կողմը չի համապատասխանեցրել իր արտադրանքը Ռուսաստանում կաթի համար սահմանված նոր տեխնիկական ռեգլամենտին: Բելառուսական կողմը, իր հերթին, պնդում է, որ լիովին կատարել է ռուսական օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները եւ մեղադրում է Ռուսաստանին, որ վերջինս խնդիրը լուծելու պատրաստակամություն չի ցուցաբերում: Բելառուսական արտահանման հիմնական ապրանքը հենց կաթնամթերքն է, որից էլ պետությունը տարեկան միլիարդավոր դոլարներ է ստանում, իսկ 2008-ին բելառուսական կաթնամթերքին բաժին է ընկել Ռուսաստանում կաթնամթերքի ընդհանուր սպառման 7%-ը: Ի պատասխան Մոսկվայի արգելքի` Բելառուսը մտադիր է մաքսային եւ սահմանային հսկողություն մտցնել Ռուսաստանի հետ «միութենական» սահմանին: Թեեւ ռուս վերլուծաբանները պնդում են, որ Մոսկվայի այս քայլերն ուղղված են հայրենական արտադրության շահերի պաշտպանությանը, պաշտոնական Մինսկը այլ հայտարարություններ է անում: Բելառուսի նախագահը հունիսի սկզբին ռուսական ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցում բացահայտեց, որ Մոսկվայում հետաքրքրված են բելառուսական տնտեսության բավական գրավիչ ակտիվներով: Ըստ Լուկաշենկոյի` Ռուսաստանի կառավարությունից նրան հայտնել են, որ իրենք չեն գնի բելառուսական կաթը, քանի դեռ չեն ստացել կաթնավերամշակման գործարանները:Ավելի վաղ ռուս-բելառուսական հերթական «սրումն» էր արձանագրվել Ռուսաստանի կողմից Բելառուսին տրամադրվելիք 500 մլն դոլարի վարկի պատճառով: Այս վարկը վերջին մասն էր դեռ նախորդ տարի Բելառուսի տնտեսությանն աջակցելու նպատակով սահմանված 2 մլրդ վարկից, որի 1 մլրդը Մինսկը ստացել էր 2008-ի նոյեմբերին, իսկ 500 մլնը` այս տարվա մարտին: Մինսկում հրաժարվել էին վարկն ընդունել ռուսական ռուբլիով, իսկ Մոսկվան որոշել էր հետաձգել վարկի տրամադրումը: Մայիսի 28-ին` Ռուսաստան-Բելառուս միության խորհրդից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսին, ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը քննադատեց Մինսկի տնտեսական քաղաքականությունը եւ կասկածի տակ դրեց ռուսական վարկը վերադարձնելու նրա վճարունակությունը: Դրանից անմիջապես հետո Լուկաշենկոն իր կառավարությանը հորդորեց դադարեցնել խոնարհվել Ռուսաստանի առջեւ եւ գնալ «այլ վայրեր, ուր մեզ սպասում են»` ակնհայտորեն ակնարկելով Եվրամիությանը եւ նրա «Արեւելյան գործընկերության» ծրագրին: Միաժամանակ Լուկաշենկոն ռուսական ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցում ակնարկեց, որ Մոսկվան իրականում վարկի տրամադրումը կապում է Մինսկի կողմից Աբխազայի եւ Հարավային Օսիայի անկախությունների ճանաչման հետ: «Արդեն հասել ենք նրան, որ եկան, ասացին. կլինի Օսիան եւ Աբխազիան, կլինի նաեւ 500 մլն դոլարը»,- անկեղծացավ Բելառուսի նախագահը: Ի դեպ, դեռ նախորդ շաբաթ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան եւս կարող են դառնալ ՀԱՊԿ անդամ: «Ես կարծում եմ, որ դա մի օր տեղի կունենա, բայց միայն այն բանից հետո, երբ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները կճանաչեն նրանց որպես սուվերեն պետություններ»,- հայտարարեց նա: Անկախ վելուծաբանները, սակայն, գտնում են, որ Մինսկի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը հետապնդելիս Մոսկվան ոչ այնքան հույս ունի աջակցել նրանց, որքան իր մոտ պահել Բելառուսին: «… Այս հարցադրումը Բելառուսի առջեւ կարելի է դիտարկել միայն Արեւմուտքի հետ Մինսկի հարաբերությունների համատեքստում: Հենց որ Բելառուսը ճանաչի Հարավային Օսիան եւ Աբխազիան, այն ակնթարթորեն կբարդացնի հարաբերությունները Եվրոպայի հետ»,- գտնում է ռուս քաղաքագետ Լեոնիդ Ռաձիխովսկին: Մոսկվայի այս քայլերը լիովին տեղավորվում են Բելառուսի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունների համատեքստում: «Վերապահումներով» ընդգրկելով Բելառուսին Արեւելյան գործընկերության ծրագրում` Բրյուսելը հետապնդում էր Մինսկին Մոսկվայից հեռու պահելու եւ նրա կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչումը կանխելու նպատակը: Այս առումով, նույն նշանակությունն է ստանում նաեւ ՀԱՊԿ ԱԱՀՈւ ստեղծումը, որը ձեւական մեխանիզմ է լոկ` հետխորհրդային գործընկերներին ռազմաքաղաքական այս բլոկում պահելու համար: Ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում եւ նրա կազմավորումներում սկզբունքորեն սահմանափակում են այս հանրապետությունների` այլ ռազմաքաղաքական դաշինքների հետ համագործակցության եզրերը: Այսպիսով, պարզ է դառնում, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը կարող են այդպես էլ երբեւէ չօգտագործվել` բացառությամբ հումանիտար նշանակության դեպքերի: Ակնհայտ է, որ որոշումները կոնսենսուսի միջոցով ընդունելու կարգը խիստ սահմանափակելու է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի կիրառման հնարավորությունը: ՀԱՊԿ-ը չափազանց խայտաբղետ միավորում է ռազմաքաղաքական դաշինքի համար: Տարբեր քաղաքական առաջնայնություններ եւ միեւնույն հարեւանների հետ տարբեր հարաբերություններ ունեցող երկրների միջեւ որեւէ սուր հարցի շուրջ (որի լուծումը ենթադրում է համատեղ զինուժի կիրառում) համաձայնության հասնել այստեղ գրեթե անհնար է: Գագաթնաժողովից անմիջապես հետո պաշտոնական Մինսկը նոտա ուղարկեց ՀԱՊԿ Քարտուղարություն, որտեղ նշվում է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում ընդունված որոշումները, մասնավորապես ԱԱՀՈւ ստեղծման վերաբերյալ, լեգիտիմ չեն. քանի որ Բելառուսը ներկա չի եղել հանդիպմանը, հետեւաբար չի եղել նաեւ կոնսենսուս որոշումների ընդունման համար: Հայաստանի դեպքում ՀԱՊԿ-ում որոշումների ընդունումը կոնսենսուսի միջոցով վերջնականապես կոտրում է այն համոզմունքը, թե մեր երկրի վրա արտաքին ագրեսիայի դեպքում Արագ արձագանքման հավաքական ուժերից որեւէ աջակցություն կարելի է ակնկալել: Իսկ ռուս-բելառուսական «կաթնային պատերազմը» ակամա ստիպում է զուգահեռներ տանել եւ մտածել, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը: Անահիտ Շիրինյան

No comments: