Monday, June 15, 2009

Տարածաշրջանին անհրաժեշտ է կայուն Իրան

/PanARMENIAN.Net/ 15.06.2009 - Իրանի կայունությունը շատ կարեւոր է ողջ տարածաշրջանի համար: Վերջին 30 տարում Իրանը շատ թե քիչ կայուն երկիր է եղել, եւ հետընտրական ընդհարումները դարձել են երկրում անկայունության առաջին դրսեւորումները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TURKSAM) ղեկավար Սինան Օհանը: «Ամբողջ նախընտրական պայքարի ընթացքում Մահմուդ Ամադինեժադը համոզված էր իր հաղթանակում: Միայն նա չէր հաշվարկել, որ իր հիմնական մրցակից Միր-Հոսեյն Մուսավիին հաջողվել է իմ կողմը գրավել երկրի երիտասարդությանը եւ կանանց: Հենց այդ պատճառով ընտրությունների օրը հաղորդագրություն է տարածվել է Մուսավիի հաղթանակի մասին»,- ընդգծել է թուրք փորձագետը: Նրա խոսքերով Ահմադինեժադի հաղթանակում մեծ դեր է խաղացել հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեի եւ Իրանի բանակի աջակցությունը: «Իրանի քաղաքաներում տեղի ունեցող ընդհարումները բողոքի ալիքի սկիզբն են: Ինձ թվում է, որ երկրի իշխանությունները կոշտ միջոցներ կձեռնարկեն Մուսավիի կողմնակիցների նկատմամբ»,- ընդգծել է Օհանը, ավելացնելով, որ այդ ընտրություններն Իրանի համար նոր դարաշրջանի սկիզբ են դարձել: Մեկնաբանելով Արեւմուտքի ռեակցիան Իրանի ընտրությունների հանդեպ` TURKSAM-ի ղեկավարը նշել է, որ Ահմադինեժադի վերընտրվելը նոր խնդիր կդառնա ամերիկյան վարչակազմի համար: «Թեեւ Բարաք Օբաման մինչեւ ընտրությունները հայտարարել է, որ համագործակցելու է պաշտոնական Թեհրանի հետ, անկախ ընտրությունների արդյունքից, այնուամենայնիվ ԱՄՆ նախագահը հույս ուներ, որ Իրանը նոր առաջնորդ է ունենալու»,- հայտարարել է Սինան Օհանը, նշելով, որ ԱՄՆ քաղաքականությունն Իրանի նկատմամբ շարունակում է կոշտ մնալ: Պաշտոնական տվյալներով, Մահմուդ Ահմադինեժադը քվեարկության արդյունքում հավաքել է ձայների 62 տոկոսը եւ վերընտրվել է առաջին փուլում: Նրա գլխավոր մրցակից, «բարեփոխումների կողմնակիցների» ճամբարի ներկայացուցիչ Միր-Հոսեյն Մուսավին ստացել է ձայների 33.8 տոկոսը եւ իշխանություններին մեղադրել քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Ընտրությունների արդյունքների շուրջ վեճերը վերաճել են փողոցային ընդհարումների Թեհրանում, ընդդիմության շուրջ 10 կողմնակիցներ ձերբակալվել են:

No comments: