Tuesday, June 16, 2009

Իրանում բողոքի ցույցերը նոր ուժով են բռնկվել

Tert.am.16-6-2009- Երկուշաբթի երեկոյան Թեհրանում իշխանությունների կողմից չարտոնագրված ցույցին մասնակցել են հարյուր հազարավոր ցուցարարներ, ովքեր իրենց բողոքն են հայտնել հունիսի 12-ին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների դեմ։ Ինչպես հաղորդում է BBC-ին, այս ցույցը ամենազանգվածայինն է եղել Իսլամական հանրապետության 30 տարվա պատմության ընթացքում։ Ավելի վաղ Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Մահմուդ Ահմադինեժադի՝ նախագահի պաշտոնում վերընտրման դեմ բոլոր բողոքները հակասում են օրենքին։ Չնայած այդ ամենին, բազմաթիվ իրանցիներ երկուշաբթի երեկոյան փողոց էին դուրս եկել։ Իրանի հատուկ ծառայությունների աշխատակիցները օրվա երկրորդ կեսին հետևում էին ցույցի ընթացքին, սակայն որևիցե գործողություններ չէին ձեռնարկում։ Սակայն տեղի ժամանակով 20։45-ին միջազգային հեռուստաընկերությունները կրակոցների մասին տեղեկություններ հաղորդեցին։ Ինչպես հաղորդում է AP գործակալությունը, առնվազն 7 ցուցարար մահացել է։ Հաղորդվում է նաև հրաձգության հետ կապված ևս մեկ մարդու ձերբակալության մասին։ AFP գործակալության տվյալների համաձայն՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, իսկ ցուցարարները վառել են մի քանի մոտոցիկլետներ։Բացի Թեհրանից, բազմահազարանոց ցույցեր են կազմակերպվել նաև մի շարք այլ քաղաքներում։

No comments: