Tuesday, June 16, 2009

Իրանի հոգևոր առաջնորդը հրահանգել է հետաքննել ընտրակեղծիքների դեպքերը

Tert.am/15-6-2009- Այսօր Իրանի հոգևոր առաջնորդը հրահանգել է հետաքննություն անցկացնել երկրի նախագահական ընտրությունների ընթացքում գրանցված ընտրակեղծիքների շուրջ՝ այս քալյով հույս ներշնչելով ընդդիմադիր ուժերին, ովքեր հեղեղել էին մայրաքաղաքի փողոցները՝ պահանջելով անվավեր ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ Երկրի պետական հեռուստաալիքը մեջբերել է այաթոլլահ Ալի Խամենեիի խոսքերը, ով ընդդիմության ներկայացուցիչ Միր Հոսեյն Մուսավիի բողոքը քննող Իսլամական հեղափոխության պաշտպանների խորհրդին հրահանգել է ամենայն մանրամասնությամբ հետաքննել նախագահական ընտրություններին պարտություն կրած թեկնածուի մեղադրանքները։ Նշենք, որ Մուսավին երեկ հանդիպել է Խամենեիի հետ, ով գրեթե անսահմանափակ իշխանություն ունի Իրանում։ Պաշտոնական աղբույրները, սակայնմ դեռևս չեն նշում, թե ինչպես է ընթանալու 12 անդամներից բաղկացած խորհրդի կողմից իրականցվող հետաքննությունը։ Նշենք, որ ընտրությունների արդյունքները պետք է պաշտոնապես վավեր ճանաչվեն խորհրդի կողմից, որը բաղկացած է հոգևորականներից, ովքեր սերտորեն համագործակցում են երկրի հոգևոր առաջնորդի հետ։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին Մահմուդ Ահմադինեժադի երեք մրցակիցները ընտրակեղծիքների մեղադրանքներ էին ներկայացրել։ Ելույթ ունենալով Իրանի պետական հեռուստաալիքով՝ այաթոլլահ երկրի հոգևոր առաջնորդը նշել է, որ «մեղադրանքները պետք է հետաքննվեն օրինական ճանապարհով»։ Հիշեցնենք նաև, որ ընտրություններից մեկ օր անց այաթոլլահ Խամենեին հորդորել էր Իրանի քաղաքացիներին միավորվել Ահմադինեժադի շուրջ։

No comments: