«ԱԶԳ», 16-06-2009- Տարին մի տասնյակ անգամից ավելի շատ հարեւան Ադրբեջան այցելող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ըստ Foreign Policy պարբերականի, ներկայացվել է որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու:
Նույն աղբյուրի համաձայն, Բրայզայի թեկնածությունն առաջարկել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական, Բրայզայի նախկին ղեկավար Դենիել Ֆրիդը: 2006-ի մայիսից Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսիի պաշտոնավարումն ավարտվում է հուլիսին, եւ նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրամանագրով արդեն նշանակվել է իր դիվանագիտական առաքելությունը շարունակելու Լիտվայում որպես ԱՄՆ դեսպան:
Ադրբեջանական լրատվամիջոցները միեւնույն ժամանակ տեղեկացնում են, որ Դենիել Ֆրիդն այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն չի տվել: Ադրբեջանական արտգործնախարարությունը եւս տեղեկացրել է, որ Ադրբեջանում Մեթյու Բրայզայի` ԱՄՆ դեսպան հավանական նշանակման մասին որեւէ տեղեկություն չունի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, ադրբեջանական ANS PRESS-ի ներկայացմամբ, հերքել է տարածված լուրը իրեն հատուկ մատուցմամբ: Մեթյու Բրայզան մասնավորապես նշել է. «Կարծում եմ, ակտիվ ներդրում եմ ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ լինելու իմ առաքելության ընթացքում»:
«Ես չեմ ծրագրում լքել ԵԱՀԿ Մինսկի խումբը հուլիսին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ավելի արգասաբեր աշխատանքի հույս ունեմ», նշել է ամերիկացի համանախագահը:
Tuesday, June 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment